ԱԺ նախկին պատգամավոր, Արտաշես Գեղամյանի ղեկավարած Ազգային միաբանություն կուսակցության նախկին անդամ, ներկայում ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, ում տունը օգոստոսի 21-ին թալանել էին, 9 օր էր, ինչ մեկուսացել էր, անջատել էր նույնիսկ հեռախոսը, որ կատարվածը, կոպիտ ասած, մարսեր և վերլուծեր, հասկանար, թե ովքեր են իր չուզողները կամ ունեցվածքի վրա աչք դնողները եղել: Երեկ մեզ հաջողվեց զրուցել Նապոլեոն Ազիզյանի հետ:
Մինչ այդ հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի՝ Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ՝ դիմել են փախուստի: Նապոլեոն Ազիզյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ կնոջ և դստեր վիճակը հիմա համեմատաբար լավ է, սակայն ամեն դեպքում նախընտրում են չխոսել՝ նախ կատարվածը նորից չվերապրելու համար և երկրորդ՝ մինչ օրս իրենք էլ չեն հասկացել, թե ինչ կատարվեց, ինչու և ինչպես:
Նապոլեոն Ազիզյանի խոսքերով, ինքը ոստիկանության տարածած հաղորդագրությունից զատ, ավելացնելու ոչինչ չունի՝ միաժամանակ նկատելով, որ ներկա պահին ոչ ոքի չի կասկածում, իսկ իր ապրած տարիների ընթացքում ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքի անդամները թշնամիներ չեն ունեցել: Նապոլեոն Ազիզյանին հիշեցրինք, որ միջադեպից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերը և համատեղ նախաքննություն իրականացնել՝ քննությունը հանձնարարելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Ավելին՝ քրեական գործերի վերլուծությունը առաջ է քաշում այն վարկածը, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը: Բացի այդ, գլխավոր դատախազը ցուցում է տվել հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով, այն է՝ զինված խումբ ստեղծելը: Իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մի քանի ավազակային հարձակում կատարած հանցախմբի գործողությունները որակեց որպես բանդիտիզմ և կասկած հայտնեց, որ մի քանի ավազակային հարձակում իրականացրած խմբավորման մեջ հնարավոր է ներառված լինեն իրավապահ համակարգի նախկին կամ ներկա աշխատակիցներ՝ այն հիմնավորմամբ, որ ավազակային խումբը պրոֆեսիոնալ է գործում և հետքեր չի թողնում: Ըստ այսմ՝ Նապոլեոն Ազիզյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են ճիշտ իրավապահ մարմինների վարկածները՝ իր տան թալանի հետ կապված, արդյո՞ք նրանք ճիշտ հետքի վրա են: Նապոլեոն Ազիզյանը արձագանքեց. «Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ իսկապես պրոֆեսիոնալ են գործել, թե ոչ»: Նրա խոսքերով, ներկա պահին փաստը միայն այն է, որ իրենք ենթարկվել են ավազակային հարձակման և իրենց տանից գողություն է կատարվել: Նապոլեոն Ազիզյանի հետ զրույցից տպավորություն ստեղծվեց, որ իր այդ՝ իննօրյա մեկուսացումը և մտորումները հետքի վրա դուրս գալու հարցում դրական արդյունքի չէին հանգեցրել, կամ նա համառորեն ինչ-որ բան թաքցնում է:
Ինչևէ, ավազակային հարձակումից զատ, Նապոլեոն Ազիզյանից հետաքրքրվեցինք, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը ԲՀԿ ցուցակով, ինչին ի պատասխան այս անգամ միանշանակ պատասխանեց. «Իհարկե, պատրաստվում եմ, և դա դեպքի հետ կապ չունի: Ես պատրաստվում եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իմ թեկնածությունը դնել, և դա միանշանակ է»: Ի դեպ,Նապոլեոն Ազիզյանի մերձավոր շրջապատում հավատացնում են, որ նա պաշտոն սիրող անձնավորություն է և ԱԺ պատգամավորի մանդատի դիմաց առաջարկել է անդամագրվել ԲՀԿ-ին: Չնայած նման իրավիճակում հայտնված նախկին պաշտոնյաները ԲՀԿ-ում շատ են, բայց ինչպես հասկացանք Նապոլեոն Ազիզյանի հետ զրույցից, այս անգամ նա հաստատ հերթի մեջ է: Հիշեցնենք, որ նա Ազգային միաբանությունից դուրս եկավ 2005 թ-ին:
Միգուցե ԱԺ պատգամավորի մանդատը մխիթարի թալանված Նապոլեոն Ազիզյանին: Ինչպես ժողովրդական հայտնի խոսքն է ասում՝ Աստված, երբ մի դուռը փակում է, մյուսն է բացում:









































