Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով Հաագայի միջազգային դատարանի վճռի հրապարակումից հետո Հայաստանի հանրության շրջանում նկատվեց հիասթափության որոշակի ալիք, կամ հուսախաբության: Այն դեպքում, երբ դատարանի վճիռը ըստ էության բավարարել էր Հայաստանի հայցի գրեթե բոլոր պահանջները: Այդ առումով, ի դեպ, պետք է թերևս արձանագրել այդ ուղղությամբ ամիսների աշխատանք կատարած հայաստանյան մասնագիտական թիմի ջանքը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն էլ միաժամանակ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ, այսպես ասած հայելային տրամաբանությամբ, թեև ստացել էր իհարկե «ոչ հայելային» բավարարում: Հաագայի վճիռը Հայաստանի կառավարության վրա չի դնում որևէ իրավական պարտավորություն, թեև պարունակում է լարվածության, ատելության հրահրումից զերծ մնալու այսպես ասած հավասարապես երկկողմ ուղղվածությամբ կոչեր: Հայաստանի հանրության հուսախաբության կամ գուցե որոշ դեպքերում հիասթափության պատճառը թերևս այն է, որ կար միջազգային դատարանի առնչությամբ չափազանցված, իռացիոնալ, ոչ համարժեք սպասում, որ դատարանը կայացնելու էր ասենք Ալիևներին կալանավորելու կամ Ադրբեջանին պատժամիջոցների տակ դնելու որոշումներ:
Իրականում, ինչպես առիթ ենք ունեցել խոսել անցնող ամիսներին, միջազգային ատյաններում Հայաստանի իրավական քայլերը, հայցերը և դրանց արդյունքի հետապնդումը ունի ավելի լայն մի նպատակ՝ քայլ առ քայլ, համբերատար, առանց իռացիոնալ, չափազանցված սպասումների, տևական ու համառ աշխատանքի տրամադրվածությամբ և նպատակադրությամբ ձևավորել քաղաքական, իրավա-քաղաքական այն «քեյսը»՝ թղթապանակը, որը պետք է լինի Հայաստանի պետական քաղաքականության «պատվանդանը» այն հարցերում, որ առջևում են թե արցախյան հակամարտության, թե հայ-ադրբեջանական հարաբերության այլ խնդիրների հետ կապված գործընթացներում: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Հայաստանը պետք է պատրաստվի մարաթոնի, այլ ոչ «սպրինտի», հետևաբար պետք է բազմապատկել երկար դիստանցիայի համար անհրաժեշտ «ֆիզպատրաստության», տվյալ պարագայում իրավա-քաղաքական միջազգային փաստարկների բազան: Հաագան այդ իմաստով Հայաստանի ևս մի քայլ էր, որը գուցե նվազ էֆեկտիվ է թվում կարճաժամկետ դիստանցիայում, սակայն կարող է էական նշանակություն ունենալ մարաթոնյան տրամաբանության մեջ: Հայաստանը իր իրավունքների պաշտպանության համար միջազգային իրավա-քաղաքական հարթակները պետք է օգտագործի այդ տրամաբանությամբ:










































