Դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mersedes մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքում Տիգրան Մեծի պողոտայից դեպի կայարանամերձ հրապարակ ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ծառին եւ գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետեւանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Mersedes-ում հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, եւ սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչէ Մալաքյանի, դասակի հրամանատար Լեւոն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնից պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը:









































