«Եկել է ժամանակը «3+3»-ի պլանները տեղափոխել գործնական հարթություն», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձևաչափի հնարավոր բոլոր մասնակիցների շահերին:
Մարիա Զախարովան ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ռուսաստանն աջակցում է «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի մասնակցությամբ։
Մոսկվայի գնահատմամբ, «3+3»-ի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժի բացահայտմանը․«Ձևաչափը կարող է և պետք է լուծումներ բերի ինչպես հին խնդիրներին, այնպես էլ նոր մարտահրավերներին կարգավորումներ առաջարկի», – ասել է Զախարովան։
Պաշտոնական Երևանը մինչև օրս այս ձևաչափի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել։ Արտգործանախարարությունը, սակայն, ընդգծել էր՝ Երևանի համար սկզբունքային է, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ։
Ինչու՞ է Մարիա Զախարովան հաստատակամորեն պնդում 3+3 ձևաչափի մասին, երբ Վրաստանն այն արդեն մերժել է։ Վրացահայ մեկնաբան, «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքերով՝ Վրաստանի ԱԳ նախարարը ասել է, որ շատ դժվար է Ռուսաստանի հետ նույն ձևաչափում համագործակցություն պատկերացնել, բայց միևնույն ժամանակ նշել է, որ այդ ձևաչափի գաղափարն ինքնին հետաքրքիր է․ «Ես ևս նշել եմ, որ ֆորմատն ինքնին անընդունելի է, բայց գաղափարը թե՛ Վրաստանի ու թե՛ տարածաշրջանային մյուս երկրների համար հետաքրքիր է։ Ես կարծում եմ, որ պետք է ընտրել ճիշտ ձևաչափ։ Դա կարող է լինել ոչ թե 3+3, այլ 3+5։ Եթե ներգրավվեն նաև Վրաստանի դաշնակիցներ Եվրոպան ու Միացյալ Նահանգները, ապա ինձ թվում է, որ շատ հետաքրքիր կստացվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ստեփանյանի դիտարկմամբ՝ այն որպես ֆորմատ հետաքրքիր կդառնա, կստանա ավելի լայն մասշտաբներ, գործընկերներն էլ առավել կայուն կլինեն․ «Եթե տվյալ ֆորմատը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական նպատակներ է հետապնդում, ապա իհարկե Վրաստանի համար այն հետաքրքիր չի լինի։ Ունենալ հստակ երաշխիքներ, որ այդ քաղաքական նպատակներին մեր հյուսիսային հարևանները չեն հասնի՝ ռեալ չէ։ մենք գիտենք, որ իրենց շնորհիվ Վրաստանի տարածքներն օկուպացված են ու սա մեզ համար շատ էական հանգամանք է։ Իսկ եթե ներգրավված լինեն նաև Վրաստանի դաշնակիցները, ապա ավելի քիչ քաղաքական ռիսկերի կբախվենք։ Իմ կարծիքով՝ այդպես ավելի հետաքրքիր կլինի»
Դիտարկմանը, թե ձևաչափը նախաձեռնողների նպատակն ամենևին էլ ԱՄՆ-ին ու Եվրոպային այստեղ բերելը չէ, հակառակը՝ արվում է ամեն բան արևմուտքը տարածաշրջանից և ղարաբաղյան հակամարտությունից դուրս թողնելու համար, Ստեփանյանն արձագանքեց․«Իհարկե։ Տվյալ դեպքում նախագծի հեղինակները այնքան էլ հետաքրքրված չեն, որ դրան մասնակցի Եվրոպան կամ Միացյալ Նահանգները, բայց իրականության հետ պետք է հաշվի նստել։ Եթե նրանք սիկապես հետաքրքրված են, որ Վրաստանն իր մասնակցությունն ունենա, ապա նախնական փուլում գոնե պետք է մեր ռազմավարական դաշնակիցներին կարգավիճակ տալ։ Դա ցույց կտա, որ նախագիծն ավելի շատ տնտեսական, քան քաղաքական նպատակներ ունի։ Բնականաբար մենք մտածում ենք, որ քաղաքական ռիսկերից զերծ մնանք։ Մենք ունենք խնդրահարույց հարաբերություններ Ռուսաստանի հետ և բնական է, որ պետք է մտածենք ինչպես ռիսկերից զերծ մնալ։ Բայց նաև պետք է մտածենք՝ ինչպես դա անել, որն է դրա գինը և որն է լինելու այդ համագործակցության արդյունքը։Վրաստանը մեկ անգամ ևս կմտածի՝ նախքան այդ ձևաչափին իր համաձայնությունը տա ։ Մնալ դեմ առ դեմ երկրի հետ, որը քաղաքական նպատակներ է հետապնդելու՝ բնական է Թբիլիսիի համար անընդունելի կլինի։ Ուստի այստեղ պետք է 7 անգամ չափել, նոր կտրել»։
Առնոլդ Ստեփանյանը ևս մեկ անգամ հիշատակեց Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարության ուշագրավ ձևակերպումն առ այն, որ դժվար է պատեկարցնել, բայց գաղափարը հետաքրքիր է․ «Այսինքն՝ Վրաստանը գաղափարից չի հրաժարվում, բայց կոնկրետ ձևաչափի մասին պետք է շատ մտածել»։








































