«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
– Պարոն Բադալյան, թեպետ իշխանությունները հայտարարեցին, որ չեն գնա արտահերթ ընտրությունների, որովհետև, իրենց կարծիքով՝ չկա հասարակական պահանջ, քաղաքական ուժերն ակտիվ գործընթացներ են խոստանում։ Ի՞նչ սպասել ընդդիմադիր ուժերի կողմից։
– Իշխող քաղաքական ուժի հայտարարությունը բաղկացած էր երկու պարբերությունից, բայց երկուսն էլ իրականությանը չէր համապատասխանում։ Երբ ասում են, որ հասարակության մոտ չկա արտահերթ ընտրությունների պահանջ, պետք է նաև ցույց տալ, թե ինչպես ես ստուգել՝ սոցիոլոգիական հարցումնե՞ր են անցկացրել, ո՞ր կազմակերպությունն է դա իրականացրել, ո՞վ է պատվիրել այդ հարցումը, ե՞րբ է անցկացվել։ Թե չէ նույն ձև կարելի է այլ մերկապարանոց հայտարարություն անել։
Երկրորդ պարբերության մեջ նշվում է, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դա այդպես չէ։ Նրանք դեմ արտահայտվեցին վարչապետի գլխավորությամբ անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց ոչ թե այդ ընտրություններին առհասարակ։ Այսինքն՝ իշխանության կողմից տարածված պարբերության երկու հայտարարություններն էլ իրականությանը չեն համապատասխանում։
Կարևոր հանգամանք է նաև այն, որ իշխանությունների այդ հայտարարությանը նախորդեց երկրորդ նախագահի հայտարարությունն առ այն, որ ինքը կմասնակցի ընտրություններին ու «կկրի»։ Դնենք մի կողմ՝ «կկրի», թե ոչ։ Անմիջապես այդ հայտարարությունից հետո հասարակությունը տպավորություն ստացավ, որ իշխանությունները, գործող վարչապետը վախեցան երկրորդ նախագահից, քանի որ այդ հայտարարությունը արեցին երկրորդ նախագահի՝ մասնակցության վերաբերյալ հարցազրույցից հետո։ Սա ինքնըստինքյան բարձրացրեց երկրորդ նախագահի վարկանիշը, և դա արեց հենց վարչապետն՝ իր անմտածված գործողություններով։ Մարդիկ մտածում են, ուրեմն վարչապետը մի բան գիտի, որ նման որոշում կայացրեց։ Սա վառ օրինակ, թե ինչպես կարող է քաղաքական գործիչը իր չմտածված գործողություններով բարձրացնել մրցակցի վարկանիշը ու կարևոր չէ, թե քանի տոկոսով։
Հիմա ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին։ Իրավիճակն իր հանգուցալուծումը չի ստանում միայն նրանով, որ վարչապետը հայտարարեց, թե ինքը չի գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Պետական ապարատը կանգնած վիճակում է, ու դրա պատճառը միայն կապիտուլյացիան չէ։ Մարդկանց մոտ չի վերացել արտահերթ ընտրությունների սպասումը։ Չի բացառվում, որ վաղը վարչապետը մեկ այլ բան ասի, մարդիկ դրան սովոր են։ Այստեղ նույնպես անուղղակիորեն շահում է երկրորդ նախագահը, քանի որ նա հայտարարել է, որ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Մարդիկ մեկ է սպասում են այդ ընտրություններին։ Հիմա «Հայրենիքի փրկության ճակատը», «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն պետք է որոշեն, թե ինչ գործողություններ են իրականացնելու։ Երբ երկրորդ նախագահը հայտարարեց, որ մտնում է խաղի մեջ, հասկանալի է, որ նա այդ քաղաքական խաղից չի հրաժարվելու։ Ենթադրում եմ, որ երկրորդ նախագահի մերձավոր շրջապատը չի համակերպվելու վարչապետի այս որոշման մեջ և փորձելու է քաղաքական գործընթացներով իշխանություններին ստիպել գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
– Այս իրադարձություններին նախորդեց Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա գնալը, վեց առաջնորդների հանդիպումը, դեսպանների հետ զրույցները։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանն ունի՞ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն։
– Իհարկե, ունի ազդեցություն։ Հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ում փոխվել է նախագահը ու նա ԱՄՆ վերադարձնում է բոլոր այն տարածաշրջանները, որտեղից նախկին նախագահ Թրամփը ԱՄՆ-ն դուրս էր բերել։ Այդ տարածքների մեջ է մտնում նաև ԱՊՀ-ն՝ այդ թվում նաև Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը։ Չի բացառվում, որ Արևմուտքի ազդեցությունն այստեղ ուժեղանա, ու դրա դեմ կգործի Ռուսաստանը, որը նոյեմբերի 9-ից հետո գերազդեցություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում ու փորձելու է անել ամեն ինչ, որ Հայաստանում ունենա վստահություն ներշնչող ղեկավար, որն իր թիկունքում խաղեր չի տա սորոսականների, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Ռուսաստանը վստահ չէ, որ նման բան չի անի գործող վարչապետը։ Կարող եմ վստահաբար ասել, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա մեծ է։ Բայց Ռուսաստանը չի տապալելու Հայաստանի գործող իշխանություններին, Հայաստանի ընդդիմադիր շրջանակներն են, որ դա պետք է անեն՝ ունենալով Ռուսաստանի որոշակի աջակցությունը։
– Կա հասարակության մի ստվար զանգված, որը դեմ է այս իշխանություններին, բայց միևնույն ժամանակ մերժում է նախկիններին։ Ձեր կարծիքով՝ կա՞ երրորդ բևեռի ձևավորման պահանջ ու անհրաժեշտություն։
– Չօգտագործենք բևեռ բառը, ժողովրդական լեզվով ասած՝ շատ «ճոռոմ» է հնչում։ Իհարկե, կլինեն նման ուժեր, որովհետև Հայաստանի ընտրազանգվածներից մեկը՝ չափավոր արևմտամետ զանգվածը, պայմանական ասած, «անտեր» է մնացել, որովհետև նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ընտրազանգվածը հիմնականում քվեարկեց «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ հույս ունենալով, որ նա կլինի այն ուժը, որը կապող օղակ կհանդիսանա Հայաստանի ու Արևմուտքի միջև։ Բայց մենք տեսանք, որ ԼՀԿ-ն այդ խնդիրը ո՛չ կատարեց, ո՛չ էլ պատրաստվում է կատարել։ Նա իրեն որպես արևմտամետ զանգվածի շահերի արտահայտիչ սպառել է։ Կարող ենք ասել, որ կոնկրետ այդ ընտրազանգվածը հիմա չունի իր շահերն արտահայտող քաղաքական ուժ։ Այդ մարդիկ կա՛մ չեն գնա ընտրություններին, կա՛մ էլ ընտրություններին մոտ կկողմնորոշվեն, թե ում կքվեարկեն։ Մոտ տաս տոկոս այդպիսի զանգված կա։ Մնացածը քվեարկելու են կա՛մ գործող վարչապետի, կամ երկրորդ նախագահի օգտին։ Այնպես չէ, որ գործող վարչապետը կամ երկրորդ նախագահը զրոյական վարկանիշ ունեն։ Երկրորդ նախագահը նույնականացվում է դաշտում գործող մի շարք ուժերին։ Եթե մասնակցում է, ապա ՀՅԴ-ի ու «Բարգավաճ Հայաստանի», «Հայրենիքի» առանձին մասնակցությունը դառնում է անիմաստ։ Նա իր մեջ մարմնավորում է բոլոր այն որակները, որոնք ունեն այդ ուժերը։










































