«Առաջին լրատվական»-ը սկսում է հաղորդումների շարք՝ նվիրված Հայաստանի Անկախության տոնին։ «Առաջին լրատվական»-ի հյուրն է Գերագույն խորհրդի պատգամավոր Խաչատուր Բեզիրջյանը։
Ի՞նչ էր կատարվում 30 տարի առաջ այս օրը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Խաչատուր Բեզիրջյանը պատասխանեց․ «Ես այդ օրը դեռ պատգամավոր չէի։ Այստեղ նստել էի որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ Հռչակագրից մի քանի ամիս հետո ընտրվեցի պատգամավոր։ Սկզբում ես չէի համաձայնվում, որովհետև այդ դեպքում ես պետք է դուրս գայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ես այդ միսիան վերցրել էի, որպեսզի կայացնենք արդար ընտրություններ, կազմավորենք անկախ խորհրդարան»։
Դուք դարձաք պատգամավոր ու հասկացա՞ք, որ մտել եք քաղաքական թեժ մթնոլորտ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Խաչատուր Բեզիրջյանը պատասխանեց․ «Այո, այդ տարիներին քաղաքականացված էր ամբողջ մթնոլորտը՝ սկսած 1988-ի Ղարաբաղյան շարժումից, և այդպես ես մտա այդ հորձանուտ»։
Մեր մտավորականությունը գալիս է գիտահետազոտական ինստիտուտներից, համալսարաններից։ Դրանով էլ, ըստ երևույթին, բացատրում են այդ տարիների Գերագույն խորհրդի կազմը։ Դուք էլ եք այդպես մտածո՞ւմ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Խաչատուր Բեզիրջյանը պատասխանեց․ «Իհարկե։ Ես հիմա էլ կրթական համակարգում եմ աշխատում, և երբ ես համեմատում եմ սովետական շրջանի ու հիմիկվա կրթական համակարգը, ապա պետք է ասեմ, որ այն ժամանակվա դիպլոմային աշխատանքները, կարծես, հիմիկվա թեկնածուականները լինեին։ Ոնց որ շտամպովկա գնան այդ թեկնածուականները, պատասխանատվություն չկա ու հեշտ է անցնում։ Հիմա, կարծես թե, բարեփոխումներ է ցանկանում անել ԲՈՀ-ի նոր նախագահը, բայց չգիտեմ՝ Աստված տա, որ դա իրականանա»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































