Sunday, 09 06 2024
Խոշոր խաղ է սկսվել, որից կարող ենք օգտվել. էներգետիկ ենթակառուցվածքները պետք է կարգի բերել
10:09
ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Ռուսաստանից կախվածությունը կձգվի ևս մեկ դար, եթե նոր ԱԷԿ-ի գործարքը կնքվի նրանց հետ
09:45
Լեհաստանը 750 մլն դոլար կտրամադրի կիբերանվտանգությանը
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար

«Երկու տան ճրագ ա մարել…». նոր մանրամասներ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից «BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Դատական այս նիստին դատարան էին ներկայացել նաև տուժողների իրավահաջորդները:

Վկա Արմանուշ Շ.-ն վթարի պահին գտնվել է Սարգսի վարած մեքենայում:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել է, թե Երևանում բնակվում է վարձակալական հիմունքներով: Դեպքի նախորդ օրվա երեկոյան Խանջյան փողոցում հանդիպել է իր ընկերուհուն ու Սարգիս Վարդանյանին: Նստել են Սարգսի մեքենան ու գնացել են «Հին Ջրվեժ» ռեստորան: Մոտ երկու ժամ անց այնտեղ իրենց է միացել Սարգսի ընկերը: Ռեստորանում բոլորը ալկոհոլ են օգտագործել: Կեսգիշերին մոտ դուրս են եկել, ինքն ու ընկերուհին նստել են Սարգսի մեքենան, ընկերը իրենց հետևից եկել է իր մեքենայով՝ «ԲՄՎ- X6»-ով: Գնացել են Աճառյան փողոցում գործող «Գինետուն» ռեստորան, մոտ մեկ ժամ էլ այնտեղ են մնացել, օգտագործել են «Օբսալյուտ» օղի: Այնուհետև գնացել են Պոնչիկանոցի մոտի «Փաբերից» մեկը: Երբ դուրս են եկել այնտեղից, Սարգիսն իր մեքենան տվել է ընկերոջը, վերցրել է նրա «ԲՄՎ- X6»-ը, ինքն ու ընկերուհին Սարգսի հետ նստել են «ԲՄՎ»-ն: Գնացել են ավտոլվացման կետ, Սարգսի մեքենան թողել են այնտեղ: Այնուհետև սկսել են շրջել քաղաքում: Սարգիսը վարում էր «ԲՄՎ- X6»-ը, ինքը նստած էր Սարգսի կողքի նստատեղին, իսկ ընկերուհին՝ հետևի նստատեղին: Սարգիսը մեքենան արագ էր վարում:

Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ ինքը լսել է, որ Սարգիսն ասաց. «ԳԱԻ մեքենան…»: Հենց այդ պահին ինքը նկատել է ՃՈ մեքենան, նույն պահին Սարգսի վարած մեքենան բախվել է ՃՈ մեքենային: Հետո ինքը ոչինչ չի հիշում: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ Սարգիսն անշարժ նստած է վարորդի տեղը, ընկերուհին անշարժ ընկած է հետևի նստատեղին: Ինքը ոտքի հարվածով բացել է իր կողմի դուռը, դուրս է եկել, բացել է հետևի դուռը՝ փորձելով օգնություն ցույց տալ ընկերուհուն: Օգնություն է կանչել, մոտեցած մարդկանց օգնությամբ ընկերուհուն հանել են մեքենայից, ուշքի են բերել: Շուրջն է նայել, Սարգսին չի տեսել: Զանգել է Սարգսի եղբորը՝ Սերժին, ասել է կատարվածի մասին: Այդ պահին մոտեցել են ոստիկանները…

Դատարանում վկան հայտնեց, թե Սարգիսը ռեստորաններում ու փաբում ալկոհոլ չի օգտագործել, իրենց ասել է, թե առողջական խնդիր ունի:

Նախաքննական ցուցմունքի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ վկան ասաց, թե հարցաքննվելու ժամանակ եղել է լարված ու սթրեսային վիճակում: Իրեն անընդհատ ճնշում էին կողքի խոսակցությունները՝ տեսա՞ր, ինչ պատահեց, մարդ մահացավ…

Միևնույն ժամանակ վկան ասաց, թե իր լարված վիճակը չի ազդել նախաքննական ցուցմունքի ճշմարտացիության վրա:

Ըստ վկայի՝ նախաքննական ցուցմունքում ճիշտ չէր միայն այն, որ Սարգիսը խմած է եղել: Միգուցե կենաց խմելիս Սարգիսը բաժակը խփել է իրենց բաժակներին, մոտեցրել է իր շրթունքներին, հնարավոր է՝ «կում է արել», բայց ասել է, թե առողջական խնդրի պատճառով չի կարող խմել:

Նախաքննական առերես հարցաքննության ժամանակ Սարգիս Վարդանյանը Արմանուշին հարցրել է՝ հիշո՞ւմ եք, որ ես եմ եղել «ԲՄՎ»-ի ղեկին: Վկան պատասխանել է, թե չի հիշում, միայն հիշում է, որ այդ մեքենայում երեքով են եղել:

Առերես հարցաքննությունից հետո վկան լրացուցիչ հարցաքննվել ու հայտնել է, թե առերես հարցաքննության ժամանակ լավ չի հասկացել իր հետ առերեսվող Սարգսի հարցը, բայց ինքը լավ հիշում է, որ «ԲՄՎ»-ի ղեկին եղել է հենց Սարգիսը:

Երբ դատարանում վկան պնդեց, թե վթարից առաջ Սարգիս Վարդանյանն իրենց հետ ալկոհոլ չէր օգտագործել, տուժողի իրավահաջորդ Գարեգին Դ.-ն հայտարարեց՝ վկային պարզաբանվել է՝ սուտ ցուցմունք տալու դեպքում ինչ կլինի, բայց նա սուտ է խոսում…

Նախագահողը տուժողի իրավահաջորդին դիտողություն արեց՝ վկայի ցուցմունքի արժանահավատությանը գնահատական տալու համար:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը հարց հնչեցրեց. «Ինչի՞ց եք վերցնում, որ մարդու ցուցմունքը սուտ ա»: Այնուհետև Սարգիս Վարդանյանը հայտարարեց. «Ես հորդորում եմ՝ թող բոլորը տան լիովին ճիշտ ցուցմունքներ, ասեն՝ որը ոնց ա էղել…»:

Վկա Սուրեն Մ.-ն հենց այն քաղաքացին էր, ով վթարից հետո գնացել էր «Նաիրի» բժշկական կենտրոն ու հայտարարել էր, թե ինքն է եղել վթարված «ԲՄՎ-X6»-ի ղեկին:

Վկան ասաց, թե ինքը Սարգիս Վարդանյանի հետ ունի մտերիմ ընկերական հարաբերություններ: Իսկ տուժողի իրավահաջորդ Գարեգին Դ.-ի հետ աշխատել է, նրա հետ նույնպես մտերիմ հարաբերությունների մեջ է եղել:

Դատարանում վկան ասաց, թե դեպքի գիշերը իրեն զանգել է Սարգիսը, ասել է՝ պռավեդ վերցրու, վռազ արի, բան կա: Ինքը անմիջապես պատահական տաքսիով գնացել, հանդիպել է Սարգսին: Նա պատմել է, թե «սենց-սենց՝ մեքենա եմ ջարդել, պտի մի բան արվի…»:

Վկան նշեց, թե ինքը գնացել է դեպքի վայր, տեսել է «ԲՄՎ»-ի դիրքը, ապա գնացել է հիվանդանոց ու հայտարարել է, թե ինքն է եղել «ԲՄՎ»-ի ղեկին: Վկան պարզաբանեց, թե դա արել է «ստրախովկա» ստանալու համար, քանի որ Սարգիս Վարդանյանը վարորդական իրավունքի վկայական չուներ: Ըստ վկայի՝ հիվանդանոցում իրեն ասել են՝ գիտե՞ս՝ ինչ է պատահել: Պարզվել է՝ չգիտի, որ մարդ է մահացել: Հետո գնացել է ոստիկանության բաժին ու ասել է՝ ոնց կար:

Վկան նշեց՝ Սարգիսն արդեն ասել էր, թե խիղճը չի տանի, որ անմեղ մարդն իր փոխարեն գնա նստի, նա կամովին գնացել, ներկայացել էր ու ասել էր, որ «ԲՄՎ»-ի ղեկին ինքն է եղել:

Վկան ասաց, թե Սարգիսը մեքենա վարել առանձնապես չէր սիրում: Վկան աշխատել է Սարգսի ընտանիքի համար՝ վարել է նրանց մեքենան. «Միշտ պատրաստ եմ եղել»:

Դեպքի նախորդ օրը ինքն աշխատանքը վերջացրել էր, իրեն «ազատ էին արձակել», ինքը գնացել էր իր անձնական գործերով, հետո էլ տանը քնած էր, երբ գիշերը զանգել է Սարգիսը:

Վկան պնդեց, թե Սարգիսն իրեն չի առաջարկել գնալ ու վթարի պատասխանատվությունը վերցնել իր վրա: Դա իր միտքն է եղել, ինքն է առաջարկել՝ «ստրախովկի» համար, «ԲՄՎ»-ն էլ ուրիշի մեքենա էր…

Վկան նշեց, թե Սարգիսն իրեն բացատրել է՝ վթարը որտեղ է եղել: Նա ասել է, թե «մտել է ստոլբի մեջ», բայց չի ասել, թե որևէ մարդու վնաս է պատճառվել:

Ըստ վկայի՝ երբ ինքը գնացել է դեպքի վայր՝ «ԲՄՎ»-ի դիրքը տեսնելու, ՃՈ վթարված մեքենան չի նկատել… «Նաիրի» բժշկական կենտրոն է գնացել, քանի որ դա ամենամոտիկ հիվանդանոցն էր: Այնտեղ ասել է, իբր՝ վթարից հետո իրեն լավ չի զգում: Հիվանդանոցում է իմացել, որ վթարից տուժածներ կան, ոստիկաններն իրեն ասել են՝ գոնե գիտե՞ս, թե ինչ է եղել…

Ըստ վկայի՝ եթե Սարգիսն իմանար վթարի ողբերգական հետևանքները, իրեն կասեր այդ մասին: Վկան նշեց, թե վթարի պատասխանատվությունն իր վրա վերցնելու ժամանակ խառը իրավիճակ էր՝ «նենց ղըժբըժ էր, չեք պատկերացնի…»:

Վկան ասաց, որ նախաքննական ցուցմունքները տալու ժամանակ քննիչն իրեն չի ուղղորդել, չի ստիպել:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, թե Սարգիս Վարդանյանի ընտանիքի՝ կնոջ ու մոր համար վարել է նրանց մեքենան: Դեպքին նախորդող օրը Սարգսի հագուստը տարել է քիմմաքրման, Սարգսի մորը հիվանդանոցից տուն է տարել ու գնացել է իր անձնական գործերով: Քնած էր, երբ իրեն զանգել է մի քաղաքացի, ասել է՝ Դավոն ա, տես՝ Սաքոն ինչ ա ասում: Սարգիսն ասել է՝ պռավեդ վերցրու, արի «Նաիրի» հիվանդանոց, ԳԱԻ ավտոյի եմ խփել, բայց թեթև բան ա, ես էլ կանաչի տակ եմ մտել…

Իր հետևից եկել է Դավոն, ով տաքսու ծառայություններ էր մատուցում, իրեն տարել է «Նաիրի» հիվանդանոց: Սարգիսն ասել է՝ լուրջ բան չկա, գնա ասա՝ դու ես էղել ղեկին, չես փախել, ուղղակի վատ ես զգացել… Բայց հիվանդանոցում ինքն իմացել է, որ վթարի հետևանքով մահացել է իր ավագ ընկերոջ որդին…

Վկան դատարանի հարցին պատասխանելով՝ նշեց, թե Սարգիսը խմած ղեկին չէր նստում, վարորդ էր կանչում՝ իրեն կամ Դավոյին…

Վկան հայտնեց, որ նախաքննական ցուցմունքները համապատասխանում են իրականությանը:

Նիստի ավարտին տուժողի իրավահաջորդ Մաթևոս Գ.-ն հայտարարեց. «Երկու տան ճրագ ա մարել… Ես նույնիսկ իրան չեմ ցանկանա, որ էս ամենի միջով անցնի, էս ցավը տենա… Խնդրում ենք, որ գործը մի քիչ արագ քննվի, ամեն անգամ գալիս, էս մեծ ցավն ենք ապրում…»:

Նախագահողը պարզաբանեց, որ դատարանի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր ամեն բան արվում է, որ գործի քննությունն ընթանա ողջամիտ ժամկետներում:

Հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Դատարան չներկայացող վկաներից մի քանիսը բերման կենթարկվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում