«Ես բոլոր քննարկումներին մասնակցում եմ, բայց աղմուկ չեմ բարձրացնում, որովհետև «Արարատցեմենտ»-ի սեփականատերը քաղաքական դեմք է, իսկ ես քաղաքական դեմք չեմ ու քաղաքականությունն այս ամեն ինչի մեջ չեմ ուզում խառնել։ Սա ինձ համար տնտեսական հարց է, և ես իմ հարցերը լուծում եմ հենց տնտեսական դաշտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հրազդանցեմենտ» գործարանի սեփականատեր Նիկոլայ Խաչատուրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է վերջին շրջանի «ցեմենտային քննարկումներից» իրեն դուրս դրել, և ինչու են բոլոր գործողությունները ծավալվում «Արարատցեմենտ»-ի շուրջ։
Խաչատուրովն ասաց, որ տնտեսական հարցերը պետք է տնտեսական հարթության մեջ քննարկվեն, լուծվեն, և ինքը այդ հարթության մեջ ստեղծված հանձնաժողովներում ու աշխատանքային խմբերում կա, կապի մեջ է նաև կառավարության հետ և լուծում է իր խնդիրները։
«Ես չեմ ուզում հատուկ ուշադրություն հրավիրել մեզ վրա, հասարակական ուշադրություն ինձ պետք չէ, քանի որ, կրկնում եմ, սա տնտեսական հարց է»,- նկատեց «Հրազդանցեմենտ»-ի սեփականատերը՝ հավելելով, որ լիահույս է, որ ստեղծված աշխատանքային խումբը, քննարկումները կհանգեցնեն ճիշտ լուծման. «Ցեմենտի հարցը ոնց որ թե լուծվում է, կլինկերի մասով մենք համաձայն չենք, քննարկում ենք, բանակցում ենք և փորձում ենք ապացուցել, որ կլինկերի հարկումը սխալ է։ Հնարավոր չի, որ սպիրտային ապրանքը հարկվի ակցիզային հարկով, բայց սպիրտը ներմուծելուց չհարկվի։ Դա աբսուրդ է։ Տնտեսական նման հիմնավորում գոյություն չունի»։
Հիշեցնենք, որ իրանական ցեմենտի ներկրման ծավալներին զուգահեռ, երբ տեղական արտադրողները սկսեցին դժգոհել, թե հայտնվում են անհավասար մրցակցային իրավիճակում, քանի որ իրանական ցեմենտն ավելի մատչելի է, կառավարությունը որոշեց տեղական արտադրությունը պաշտպանելու համար ներկրվող 1 տոննա ցեմենտի համար սահմանել 100 հազար դրամ հսկիչ գին, որի վրա էլ հաշվարկվում է 22 հազար դրամ պետտուրք:
Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի՝ Հայաստանում 2018 թ.-ին սպառվել է 730.000 տոննա ցեմենտ, որից 550.000 (75, 4 %)-ը՝ տեղական արտադրության, 180.000 (24.6 %)-ը՝ ներմուծված: Ըստ նրա՝ Իրանի հետ սահմանին ցեմենտի գինը 1 տոննայի համար 17-18 դոլար է, որը ռիսկային է տեղական արտադրողների արտադրական գործունեությունը շարունակելու համար:
Նշենք, որ շուկայում «Արարատցեմենտ»-ի արտադրած Մ 400 մակնշման ցեմենտի վաճառքի գործարանային գինը 40.000 դրամ է:
Կառավարության այս նախաձեռնությունից և Հարկային նոր օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո տեղական արտադրողները՝ հատկապես «Արարատցեմենտի» սեփականատերն ու աշխատակիցները ակցիաներ սկսեցին, հայտարարեցին, որ գործարանը փակվում է, աշխատողներին ազատման ծանուցումներ բաժանեցին, ապա հորդորեցին դրանք պատռել ու սպասել ԱԺ-ի որոշմանը։ ԱԺ-ում էլ՝ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում, տևական ժամանակ է՝ հարցը քննարկվում է։ Ապրիլի 25-ին տեղի ունեցած ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ձևավորվեց ցեմենտի և կլինկերի պետտուրքի հարցով աշխատանքային խումբ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջին օրվանից ասել է և կրկնում է՝ ցեմենտի ու կլինկերի պետտուրքի հարցով վերջնական որոշումը հիմնված է լինելու փաստերի և հաշվարկների վրա և բխելու է Հայաստանի շահերից, ոչ թե առանձին բիզնես-շրջանակների։
Նիկոյալ Խաչատուրովն այս քննարկումների ժամանակ շատ է լսում, որ հնարավոր է տեղական արտադրանքի ինքնարժեքը մի քիչ էլ իջեցնել տխնոլոգիական նորամուծության, ծախսերի կրճատման հաշվին, բայց այդ կարծիքները համարում է ոչ մասնագիտական: «Մեզ մոտ հիմա ոչ տեղ կա իջեցնելու, ոչ էլ։ Մենք հիմա փաստացի վնասով ենք աշխատել։ Էներգետիկ սակագների փոփոխություն չի եղել, մենք ինչպե՞ս կարող ենք ինքնարժեք իջեցնել։ Տնտեսագետների կարծիքները հաշվարկների հետ կապ չունեն։ Մեր գործարանը կլինկեր է արտադրում տարվա կտրվածքով երկու ամսվա մեջ, ոնց կարող ենք ինքնարժեք իջեցնել»,-ասաց Խաչատուրովը՝ հավելելով, որ եթե անգամ խնդիրը քննարկումների արդյունքում լուծվի, մեկ է՝ հայկական ու իրանական ցեմենտը չեն կարող հավասար մրցակցային դաշտում հայտնվել։
«Ցեմենտի առումով խնդիրը նորմալ կլինի, բայց ինչ վերաբերում է պարսկական կլինկերի ներմուծմանը, ապա իրավիճակն ավելի կվատանա, որովհետև «Արարատցեմենտ»-ը արդեն հայտարարել է, որ կգնի, կբերի պարսկական կլինկեր։ Բայց ես ուզում եմ ասել, որ ոչ մեկը տնտեսական հաշվարկ չի արել, որ իրենք սահմանին 17-19 դոլարով կլինկեր են վաճառում, բայց այդ գումարը անգամ բավարար չի պարսկական ցեմենտը պարսկական գործարանից մինչև սահման բերելու համար։ Ինչ-որ մեկը պետք է մտածի դրա մասին, թե ինչպես եղավ, որ այդ ապրանքը այդպես մտավ հայկական շուկա»- ասաց Խաչատուրովը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ պատճառը մեկն է., դա արվեց հայկական տնտեսությունը քայքայելու, տեղական գործարանները փակելու համար:
«Բայց քանի շուտ է, թող նման որոշում կայացնողը պատասխանատվությունը վերցնի իր վրա, քանի որ գործարան փակելը հեշտ բան չի, այդքան մարդ է գործազուրկ մնալու։ 11 ամիս բացատրում էինք կառավարությանը, վերջապես հասկացան, որ այդ որոշումը՝ տեղական արտադրողին պաշտպանելու վերաբերյալ, պետք է կայացնի։ Հիմա երևի ևս 11 ամիս է պետք, որ արդեն ԱԺ-ն հասկանա, որ իրենք սխալ որոշում են կայացնում։ Իրենք պետք է հասկանան, որ հնարավոր չէ սպիրտային արտադրանքի վրա դնել ակցիզային հարկ, իսկ սպիրտը չհարկել ակցիզային հարկով։
Սա տնտեսագիտական աբսուրդ է։ Ես վստահ եմ, որ հանձնաժողովն առողջ որոշում կկայացնի։ Այստեղ ոչ մի այլ հարց չկա։ Զուտ տնտեսագիտական հաշվարկ է, և չեմ կարծում, որ ԱԺ-ում կա մեկը, ով շահագրգռված է մեր տնտեսության քայքայմամբ։ Հասկանալի է, հետաքրքրություններ կան, բայց այս հարցում չի կարելի սխալ որոշում կայացնել»,- եզրափակեց «Հրազդանցեմենտ»-ի սեփականատերը։





































