«Այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»,- Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։ Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության: Միաժամանակ հարցեր են առաջացել, թե ինչպես հասկանալ խաղաղ տոնայնությամբ ելույթներն ու խոսակցությունը՝ վարչապետի մակարդակով և պաշտպանության նախարարի մակարդակով՝ այդօրինակ սկզբունքների հռչակումները: Պետք է հասկանալ տրամաբանական փոխլրացման և մեկ ամբողջության մեջ, որովհետև վարչապետի՝ խաղաղության մասին զրույցների հիմքում հենց բանակի հանդեպ վստահությունն է և պաշտպանության նախարարի հստակ շեշտադրումը, որ հայկական բանակը պատրաստ է խաղաղություն պարտադրելուն: Իսկ այդ հանգամանքը առանցքային է:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը, քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը և Սուրեն Պետրոսյանը: Ռ. Մեհրաբյանն ընդգծեց, որ պաշտպանության նախարարի ասածը պետք է հասկանալ բառացիորեն. «Նա ասաց, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել չի կարելի, մենք դա թույլ չենք տա:
Եթե նախկինում Հայաստանին «Լավրովի պլանի» անվան տակ հրամցնում էին ստորացուցիչ բանաձև՝ «տարածքներ՝ խախաղության դիմաց», այսինքն՝ տարածքներ չզիջելու դեպքում սպառնալով նոր պատերազմ հրահրել, և նախկին իշխանություններն իրենց կեցվածքով այնպիսի տպավորություն էին թողնում, որ Հայաստանն ընկրկում է այդ շանտաժի տակ, ապա հիմա հստակ բացատրվեց, որ այդ հարթության վրա Հայաստանի հետ խոսակցություն չի լինելու, և եթե հանկարծ մտքներով անցնի պատերազմ հրահրել, կկորցնեն նոր տարածքներ: Նախարարը նշեց նաև, որ հայկական ԶՈւ-ում մեծացվելու է գրոհային ստորաբաժանումների թվաքանակը»:
Մ. Հակոբյանն ընդգծեց, որ ինքը ևս դեմ է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թերի բանաձևին, որը ծնվել է 1994-ին, և հավելեց. «Զիջումը թյուրքական մենթալիտետ ունեցող պետությունների, մանավանդ այնպիսի ավտորիտար սուլթանության պարագայում, ինչպիսին Ադրբեջանն է, մեծացնելու էր նոր պատերազմի հավանականությունը՝ ավելի ոչ բարենպաստ դիրքերով»:
«Մադրիդյան սկզբունքներն այլևս չեն աշխատում, քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական իրականությունը, փոխվել է աշխարհի տնտեսական և քաղաքական պատկերը»,- ընդգծեց Ս. Պետրոսյանը: Նրա դիտարկմամբ՝ Դավիթ Տոնոյանի հայտարարությամբ փոխվում է «խաղաղություն-պատերազմ» հարացույցի տրամաբանությունը, բայց սա չպետք է մնա խոսքային մակարդակում:
«Դավիթ Տոնոյանն իր այս հայտարարությամբ Հայաստանին դուրս բերեց կեղծ դիլեմայից….»,- ընդգծեց Ռ. Մեհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի արժանապատվությունը առևտրի առարկա չէ:
Մանրամասն՝ տեսանյութում:








































