Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում:
Համոզված եմ, որ մեր մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական և աշխարհագրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ` պետք է դառնանք իրական Ազգ-բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում և ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ:
Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը: Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները և հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը»,- ասված է գրառման մեջ:
Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ պահանջելու են «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Մատչելի բնակարան սպաներին», «1000plus.am» և բազմաթիվ այլ ծրագրերի շարունակականություն և արդյունավետ կառավարում:
https://www.facebook.com/Vigen.A.Sargsyan/videos/200339977560125/









































