Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին՝ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը:
ՀՀԿ առաջին փոխնախագահի այս հայտարարությունը տարբեր զգացողություններ է առաջացնում։ Առաջին հերթին՝ ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը փորձում է Նիկոլ Փաշինյանին ակնարկել, որ իրենք են ամենահարմար ընդդիմությունը՝ ակնկալելով նրա անուղղակի աջակցությունը։
Վազգեն Սարգսյանի մահվանից հետո ՀՀԿ-ն զբաղված է եղել միայն տոտալ թալանով, կեղեքումով՝ երկիրը վերածելով մի մեծ կերակրատաշտի, ու, բնականաբար, չի կարող ակնկալել հասարակության աջակցությունը։ Իշխանություն և ընդդիմություն լինելը որոշվում է ոչ թե գեղեցիկ ելույթներով ու ծրագրերով, այլ առաջին հերթին հասարակության քվեով։ Այդ քվեների ակնկալիքը ՀՀԿ-ն ունենալ չի կարող, որովհետև բացարձակապես դասեր չի քաղել վերջին քսանամյակի իր սխալներից, հանցագործություններից՝ մնալով քրեաօլիգարխիայի շահերի հիմնական արտահայտիչը, նույնիսկ վերջին յոթ ամիսներին առիթը բաց չթողնելով հին համակարգի ռեստավրացիան իրականություն դարձնելու համար։
Վիգեն Սարգսյանի երեկվա ակնարկն ուշագրավ է երկու տեսանկյունից։ ՀՀԿ-ն խորհրդարանում երկու անգամ տապալեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները՝ էական հարված հասցնելով հեղափոխությանը ու նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը։ Ռեյտինգային ընտրակարգով անցկացվելիք ընտրությունները իշխանության, ապագա խորհրդարանի տակ դրված իրական ռումբ են, ու անգամ ՔՊ-ի ներկայացուցիչներն են խոստովանում, որ հին ԸՕ-ով հնարավոր չէ կազմակերպել լիարժեք քաղաքական ընտրություններ։ Ու արդեն իսկ մի քանի մարզերից ստացված տեղեկությունները հուշում են, որ ՔՊ-ն վարկանիշային իր ցուցակները կազմում է ոչ այնքան քաղաքական մոտիվներով, ինչը, օրինակ, Շիրակի ու Արագածոտնի մարզերում հարուցել է հասարակության կամ հեղափոխության կողմնակիցների դժգոհությունները։ Այսինքն՝ ՀՀԿ-ն արդեն առավելագունը վնասել է ընտրական գործընթացին՝ ըստ էության տապալելով քաղաքական առումով ուժեղ խորհրդարանի ձևավորման հեռանկարը։
Հիմա ընտրական գործընթացին իր մասնակցությամբ ՀՀԿ-ն ձախողում է դեմոկրատական ընդդիմության ձևավորման հեռանկարը՝ երկրորդ լուրջ հարվածը հասցնելով հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին, որովհետև ակնհայտ է՝ հեղափոխությունն ամբողջովին կապիտալիզացվել չի կարող, եթե ուժեղ իշխանությունը չհակակշռվի նույնքան կենսունակ ու հեղափոխության օրակարգով գործող ընդդիմությամբ։
ՀՀԿ-ն քրեաօլիգարխիայի, հին համակարգի ռեստավրացիայի խորհրդանիշն է ու հասարակության մեծամասնության համար նույնանում է ոչ թե ընդդիմության, այլ ռևանշիզմի հետ։
Մյուս կողմից՝ ԸՕ բարեփոխումների տապալումից հետո հեղափոխության կողմնակիցների մի մասի մեջ կասկածներ առաջացան, որ Նիկոլ Փաշինյանի թիմը շահագրգռված չի եղել օրենսդրության բարեփոխումներով, այլ խոսքով՝ կասկածներ առաջացան, թե Նիկոլ Փաշինյանի թիմը որոշակի կուլիսային պայմանավորվածություններ կամ համաձայնություններ ունի ՀՀԿ վերնախավի հետ։
Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին՝ ակամայից խորացնելով այդ կասկածները հասարակության մեջ, ստեղծելով տպավորություն, որ Փաշինյանն առնվազն շահագրգռված է «հարմար» ընդդիմություն ունենալու հեռանկարով։
ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին ու երկրորդ տեղը զբաղեցնելու հավակնությունը նման է դանդաղ գործող ականի, որի պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Եթե ԸՕ բարեփոխումներն ընդունվեին, ՀՀԿ-ի ամբիցիաները լեգիտիմացված չէին լինի։ Երկրորդ քաղաքական ուժի հայտն արդեն լրիվ մարտահրավեր է հեղափոխությանը, որովհետև լեգիտիմացվում է ռևանշիզմի գաղափարը։ Սա քաղաքական լուրջ մարտահրավեր է, որը պետք է չեզոքացվի Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մանավանդ, որ ԸՕ բարեփոխումների տապալումն իրապես համարվում է նրա թիմի թուլության ու թափթփվածության հետևանք։








































