Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ վարույթ է ընդունել «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանն ընդդեմ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի հայցադիմումը: Այս մասին տեղեկացանք datalex.am տեղեկատվական կայքից:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանն հոկտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի:
Այս տարվա օգոստոսի 31-ին մեր կայքում տպագրվել էր «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» վերտառությամբ հոդվածը, որտեղ ներկայացրել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների խաղամակարդակը՝ ովքեր են թույլ և ուժեղ խաղացողները, և ովքեր են, որ իրենց խաղամակարդակով, մեղմ ասած, այդքան էլ չեն համապատասխանում ազգային հավաքականի խաղամակարդակին:
Մասնավորապես՝ մի շարք ֆուտբոլիստների խաղամակարդակին անդրադառնալուց զատ՝ անդրադարձ էր կատարվել նաև մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի խաղին: Հոդվածում նշվել էր, որ այս ֆուտբոլիստը վերջին տարիներին գոլային պահերը փչացնելուց ու երկրպագուների նյարդերը քայքայելուց բացի՝ ոչնչով աչքի չի ընկել, նրա խաղամակարդակը ուղղակի չի համապատասխանում մեր ազգային հավաքականին:
Ս.թ․սեպտեմբերի 22-ին ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ով, ի դեպ, Տիգրան Բարսեղյանի հայրն է, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր այս հոդվածին և հրապարակավ անհարկի վիրավորել Ջալալյանի արժանապատվությունը՝ նրա հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, բացի դրանից՝ վերջինս համացանցի միջոցով վիրավորական գրառում էր կատարել հոդվածի ներքո՝ այսպիսով նաև փորձելով խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը:
Ջալալյանը դատարանից խնդրել է Աշոտ Բարսեղյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել մամուլի ասուլիս հրավիրելու միջոցով, ինչպես նաև հրապարակային ելույթի ընթացքում Դավիթ Ջալալյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու, բարի համբավն արատավորելու համար և Աշոտ Բարսեղյանից բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում: