ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ICRC) և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային (IFRC)՝ աղետների արձագանքման և մարդասիրական օգնության տրամադրման նպատակով։
Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հատկացվող ֆինանսավորումից մոտ 133 միլիոն դոլարը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2026 թվականի գլոբալ ծրագրին, իսկ 70 միլիոն դոլարը՝ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային։
Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ֆինանսավորումը համապատասխանում է մարդասիրական օգնության վերաբերյալ ԱՄՆ-ի նոր մոտեցմանը, որի նպատակն է ապահովել ավելի ճկուն և արագ արձագանքում միջազգային ճգնաժամերին։
Ըստ հաղորդագրության՝ նման մեխանիզմը գործընկեր կազմակերպություններին հնարավորություն է տալիս արձագանքել ինչպես ընթացիկ ճգնաժամերին, այնպես էլ նոր աղետներին՝ օգտագործելով արդեն հասանելի միջոցները և շրջանցելով երկարատև գնումների ու վարչական այլ ընթացակարգերը։
Հաղորդագրության համաձայն՝ IFRC-ն, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերություններին և ունի շուրջ 18 միլիոն վերապատրաստված կամավոր, աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում հաճախ առաջիններից է օգնություն ցուցաբերում տուժած բնակչությանը։ ԱՄՆ-ի ֆինանսավորումը կօգնի անհրաժեշտության դեպքում արագ ընդլայնել այդ կազմակերպությունների արձագանքման հնարավորությունները։
Միաժամանակ, ICRC-ին տրամադրվող աջակցությունը նախատեսված է զինված հակամարտություններից տուժած բնակչությանը կենսական օգնություն տրամադրելու համար։ Պետդեպարտամենտում նշել են, որ կազմակերպության չեզոք և անկողմնակալ կարգավիճակը հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ առաջնագծերում և դժվարամատչելի շրջաններում գտնվող մարդկանց, որոնց հաճախ չեն կարողանում հասնել մյուս մարդասիրական կառույցները։
Գերատեսչությունն ընդգծել է, որ վստահելի միջազգային գործընկերների միջոցով նախապես հասանելի ֆինանսավորումը թույլ է տալիս ավելի արագ և արդյունավետ արձագանքել մարդասիրական ճգնաժամերին՝ միաժամանակ նվազեցնելով վարչական բեռը։







































