ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, տեղեկացնում է ԱԱԾ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորելէ Ա. Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ապա անդրադարձել է երկու երկրների միջև համագործակցությանը: Դեսպանը ևս հաստատել է, որ Հայաստանը և Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ ու վստահություն է հայտնել, որ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի:
![]()
Ս. Սաջջադին նշել է, որ Իրանը Հայաստանի համար որևէ սահմանափակում չունի և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով:
![]()
Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Ա.Վանեցյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան: Տնօրենը վստահեցրել է, որ արվում է ամեն հնարավոր բան զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար:
![]()
Ամփոփելով այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:









































