Երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները խոսում էին Անի Զախարյանի դեմ ստորագրահավաք անցկացնելու մասին: «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դասավանդում է այս ֆակուլտետում, իսկ ուսանողների պահանջն է՝ նրան աշխատանքից ազատել:
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասել էր ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Աստղիկ Աբրահամյանը, իրենք չեն ցանկանում, որ ֆակուլտետն ունենա նման աշխատակից. «Ինքը հանդես է եկել կոչերով, որոնց հետ մենք համաձայն չենք: Վերջերս նաև քաղաքական թռուցիկներ է բաժանել ֆակուլտետում: Մենք ամաչում ենք, որ նման մարդ է աշխատում մեր ֆակուլտետում: Դրա համար ստորագրահավաք ենք անցկացնելու, որով ցույց կտանք իր հայտարարությունների հետ մեր անհամաձայնությունը»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անի Զախարյանն ասաց, որ ինքը չի ճանաչում այդ ուսանողին, նրան չի դասավանդել, ինքը ուսանողներին ազատ սեքս չի քարոզել. «Նման բան չէր կարող լինել, այսօր այդ ուսանողուհին լացակումած մոտեցավ ինձ, ասաց, որ իրենց խոսքերն աղավաղել են լրատվամիջոցները, ինքը զղջում է ասածների համար, իրենք հերքում կտան, իրենց օգտագործել են իմ դեմ ինֆորմացիա տարածելու համար: Ես էլ ասացի, որ դա Քաղաքացիական օրենսգրքով պատժելի է, կարող եմ ձեզ դատի տալ և համապատասխան պատասխանատվության ենթարկել: Ասացի՝ հիմա հերքման եմ սպասում»:
Նա չի բացառում, որ որևէ ներքին պայմանավորվածություն կա, որի համաձայն՝ ուսանողներին հրահանգել են այդպես խոսել:
Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ այն տեղեկությունը, որ նա թռուցիկներ է բերում համալսարան, քաղաքականությունից է խոսում, որն առաջացրել է ուսանողների դժգոհությունը, Անի Զախարյանը պատասխանեց՝ դա անհեթեթություն է: Նա նշեց, որ ինքը 23 տարեկանից դասավանդում է համալսարանում, միշտ փորձել է ուսանողների հետ շփվել ուսումնական պրոցեսի շրջանակներում. «2-3 ամիս առաջ նաև ես էի ուսանողների վարձերի թանկացման դեմ դուրս եկող ակտիվիստներից մեկը: Ես իմ գործունեությամբ միշտ պաշտպանել եմ ուսանողների շահերը: Ինչի՞ մասին է խոսքը, ես անգամ չեմ ուզում քննարկել նման խոսակցությունները»:
Նա համոզված է, որ նմանատիպ հայտարարություններով փորձում են նոր ձևավորվող քաղաքական ուժի նկատմամբ վստահության շեմն իջեցնել, բայց ինքը համոզված է՝ դա նրանց չի հաջողվի:







































