Հայաստանում «խորհրդավոր» շաբաթը սկսվեց: Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր դրեց իր նախագահական լիազորությունը, և եթե լինելու է վարչապետ, ապա առնվազն մեկ շաբաթ անց: Սերժ Սարգսյանի անիշխանության մեկ շաբաթը հռչակվել է իշխանափոխության հնարավորության շաբաթ, և, համենայնդեպս, այդ մեսիջն են հանրությանը հղում Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ուժերը, որոնք մի քանիսն են և դեռևս չեն միացել իրար: Փոխարենը, այդ ուժերին արդեն «միացել» է Հայաստանի նախագահի ընտրություններին գրեթե մշտական թեկնածուի «կարգավիճակ» ունեցող Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը Ազատության հրապարակում հայտարարեց հացադուլ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:
Ազատության հրապարակում ընթացիկ շաբաթ պլանավորված են մի քանի ուժերի հանրահավաքներ՝ այն էլ շուրջօրյա տրամաբանությամբ: Պակասում էր հացադուլի տարբերակը և ահա այն լրացվեց, ընդ որում բավական անսպասելի, քանի որ Արամ Հարությունյանը, մեղմ ասած, դուրս է արդիական ուժերի շրջանակից, աշխույժ ուժերի շրջանակից: Սակայն ծայրահեղ մեթոդի հռչակումը, անկասկած, ունի բավականին պարտադրող ուժ և իր վրա, երևի թե, կբևեռի որոշակի ուշադրություն, և այդ իմաստով ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ: Այլ կերպ ասած՝ զրկելով ինքզինքը հացից, Արամ Հարությունյանը, խոշոր հաշվով, կարող է այսպես ասած հացից զրկել նաև հրապարակում գործողություններ պլանավորող ընդդիմադիր ուժերին, այսպես ասած՝ «կտրել նրանց հացը»:
Եվ խնդիրը այստեղ միայն ծայրահեղությունը չէ, այլ նաև մյուս կողմից հացադուլների «նախապատմությունը», քանի որ դրանք հայաստանյան նորագույն քաղաքական իրականության մեջ ունեցել են այնպիսի բազմաբնույթ կիրառումներ, որ այլևս չնայած իրենց ծայրահեղությանը, ավելի շատ անլուրջ, քան լուրջ քաղաքական պայքարի դրսևորում են: Եվ ծայրահեղ մեթոդի ու դրա արդեն բավականաչափ անլուրջ ընկալման համադրությամբ երևույթի ներդրումը Ազատության հրապարակում անշուշտ ստեղծում է բավականին էքսցենտրիկ մի օջախ, որը կարող է դեռ անակնկալներ մատուցել հրապարակում հաստատվելիք կամ հրապարակից մեկնարկելիք բողոքի այլ օջախներին: Հրապարակում բազավորվող ուժերին փաստորեն նետվում է որոշակի մարտահրավեր՝ մի կողմից ֆորմալ առումով պայքարի ծայրահեղ և ինքնազոհության մեթոդ, որն անտեսելը բավականին բարդ է, եթե անգամ այդ մեթոդը կիրառում է Արամ Հարությունյանը, մյուս կողմից՝ այստեղ նաև ձևավորվում է բարոյական արգելքների դաշտ՝ ինչպե՞ս առնվազն այդ տեսանկյունից չշեղվել դեպի Արամ Հարությունյանը:
Ինչ տեխնոլոգիա է ներմուծվում հրապարակ և որտեղից, այդ հարցերը թերևս գալիք օրերում կստանան պատասխան, սակայն, արդեն իսկ, կարծես թե ակնառու է դառնում, որ ընթացիկ շաբաթը Հայաստանում հավակնում է դառնալ «կազմակերպված քաոսի» շաբաթ, և տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը մանրամասն պլանավորել է բոլորի «զբաղվածությունն ապահովելը», որպեսզի գործնականում իրեն ոչ ոք չխանգարի անցկացնել անիշխանության շաբաթը և հասնել վարչապետի հարցում որոշմանն ու տրամաբանական ավարտին: Ընդ որում, այստեղ թերևս Սարգսյանի անհանգստության բուն առիթն այն չէ, ինչ սպառնում է կամ պլանավորում ընդդիմությունը, այլ այն, որ ընդդիմության այդ պլանների ներքո կարող են տեղավորվել իշխանական տարբեր թևերի պլաններ, որոնք Սարգսյանը հետևողականորեն չեզոքացրել է նախագահության ընթացքում: Այդ իմաստով, երբ խոսվում է այն մասին, որ ընթացիկ շաբաթը կարող է լինել Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցում խանգարելու լավ հնարավորություն, ամենևին չափազանցվածություն չէ, սակայն մի բացառությամբ կամ վերապահումով՝ դա Սարգսյանին խանգարելու պատեհ հնարավորություն է իշխանության այն թևերի համար, որոնք ունեն նրանից ազատվելու ցանկություն:
Իշխանության թևերը կարող են դե յուրե իշխանության բացակայությունը շրջել Սարգսյանի դեմ, թեև առայժմ չկան դրա մոտիվացիաները: Իշխանության տարբեր թևեր ունեն ցանկություններ, ցանկության իմաստով նրանք ընդհանրություն ունեն, սակայն խիստ տարբեր են մոտիվացիաները: Սարգսյանի հեռանալ ցանկացող յուրաքանչյուր իշխանական թև ունի իր մոտիվացիան, և այդ հարցում ընդհանրության բացակայությունը Սարգսյանի գլխավոր երաշխիքներից է անիշխանության շաբաթվա ընթացքում: Բայց դա իհարկե անվերապահ և բացարձակ երաշխիք չէ, և այդ իմաստով ընդդիմության դաշտում «կազմակերպված քաոսի» ստեղծումը, լուրջի և անլուրջի այսպես ասած՝ միքս ստանալու նպատակը թերևս այն է, որ ընդդիմությունը որևէ կերպ, կամա թե ակամա, չներքաշվի իշխանական որևէ թևի մոտիվացիոն դաշտ, խնդիրներ առաջացնելով Սերժ Սարգսյանի համար:
Լուսանկարը՝ Photolure-ի








































