Monday, 20 07 2026
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան

Շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը զատկական մաղթանք է հղել

Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց կաթողիկոս պատգամը ներկայացվում է ստորև.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Ե՛ս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յԻս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ՛»

(Հովհ.11. 25-26):

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում՝ ձայնակից ենք հրեշտակներին՝ փոխանցելով միմյանց «Քրիստոս յարեաւ» կենարար ավետիսը: Թափուր է Տիրոջ գերեզմանը, հայտնված է Նրա աստվածային զորությունը, և իրական է մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը: Այսօր հարություն առած Քրիստոս Իր բոլոր հետևորդներին բերում է հավիտենական կյանքի բերկրալի խոստումը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Քրիստոսի Հարության ողջույնը փոխանցելով, մենք, սիրելիներ, հաստատում ենք մեր հավատքը, որը հիմնված է Հարության տիեզերանորոգ հրաշքի վրա: Հավատում ենք, որ Քրիստոսի Հարությամբ անմահության ու հավիտենական կյանքի արշալույսը ցրել է կորստաբեր մեղքի խավարը: Հավատում ենք, որ մահվան առաջ անզոր մարդկային կյանքը վերափոխվում է երկնային զորությամբ, ժամանակավորը վերածվում է հավիտենական գոյության: Հավատում ենք, որ Փրկչին ու Նրա անմահության շնորհին հաղորդակցումը նորոգում է կյանքը, խաչերը դարձնում ծաղկյալ, գողգոթաները՝ հաղթության բարձունքներ: Հավատում ենք, այո, որ մարդկային մեր տկար ուժերին ընդառաջ եկող Աստծո Սուրբ Հոգին լուսավորում է մեր հոգևոր տեսողությունը և զորացնում մեզ՝ ընթանալու մեղքից դեպի առաքինություն, ընթանալու դեպի մեր Տերը, որպեսզի Նրա հետ կյանք ունենանք և ժառանգակից լինենք երկնային արքայությանը:

Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել և Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել: Այսպես միայն կարելի է արժանանալ Փրկչի խոստմանը՝ հավատքի զորությամբ մահվան իշխանությունը թոթափելու և հավիտյան ապրելու:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հարության հրաշազարդ իրողությունը մարդու և աշխարհի փրկության միջոցն է, աստվածային անսահման սիրո ու հոգածության վկայությունը, նեղությունների ու դժվարությունների հաղթահարման զորությունը: Թովմասի նման երկմտող աշխարհին հարուցյալ Քրիստոս ցույց է տալիս Իր վերքերը, որպեսզի բուժվեն պատերազմների ու աղետների պատճառած վերքերն աշխարհի: Ցույց է տալիս Իր չարչարանքների հետքերը, որպեսզի դադարեն մարդկային հոգու տառապանքները, լռեն ատելության ձայները, մերժվեն կործանարար ուղիները, որպեսզի գալիքի հանդեպ վստահություն փնտրող մարդկությունը ընդունի Փրկչի Հարության զորությունը՝ առաքյալի պես բացականչելով՝ Տեր իմ և Աստված իմ (Հովհ. 20. 28):

Աստվածատուր այդ զորությամբ ու շնորհով է հարատևել մեր ժողովուրդը՝

պատմության մեջ դիմակայելով դառը հարվածների ու կերտելով իր ձեռքբերումները: Քրիստոսով, հարության ու փրկության հավատքով մենք վեր հառնեցինք մեր խաչելություններից, վերահաստատեցինք մեր պետականությունը, ձեռնամուխ եղանք նեղությունները թոթափելուն, մեր իրավունքների պաշտպանությանը և առավել բարօր գալիքի կերտմանը: Մեր ժողովրդի առաջընթացը, մեր պետության հզորացումը և ի սփյուռս աշխարհի մեր կյանքի պայծառությունը պայմանավորված են յուրաքանչյուրիս մեջ Քրիստոսի ներկայությամբ, Նրա Հարության զորության ներգործությամբ և մեր արժանավորությամբ Փրկչի խոստմանը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, հասարակական ու ազգային մեր կյանքում հաստատուն պահենք միմյանց հանդեպ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը: Շարունակենք ապրել հավատքով, որպեսզի այսօր հնչող «Քրիստոս յարեաւ» ավետիսը զորացնի մեզ ապագայի հանդեպ լավատեսությամբ ու վստահությամբ, կամքով ու կորովով` հակառակ ամեն արգելքի ու նեղության, ջանք թափելու, ստեղծելու, հոգալու, որ իրագործենք առաջընթացի մեր նպատակները, հայրենաշեն մեր ծրագրերն ու ազգային իղձերը: Թող մեր սրտերը քաջալերվեն այսօր մեզ հայտնվող հարուցյալ Տիրոջով` սիրով և միասնությամբ ընթանալու ազատ նոր կյանքի մեր ուղին՝ միշտ հավատարիմ մնալով մեր Տիրոջ պատվիրաններին և հաստատուն պահելով մեր ընթացքը դեպի հավիտենություն:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության բերկալի ավետիսով ողջույն ենք բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան Պատրիարքի համար: Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հավատավոր հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին`Առաջին տիկնոջ հետ, ընտրյալ Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին, ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին:

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:

Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Իր Հարության կենարար պարգևները, խաղաղությունը հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում ենք, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած՝ Մեր զավակների ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի ազգային մեր կյանքին, և աստվածաշնորհ պարգևները հովանի լինեն մեր ժողովրդին՝ այսօր և միշտ ցնծությամբ ավետելու.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում