Երեկ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք: Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում հաճախ է խոսվում Ադրբեջանի ագրեսիվ մարտավարությունը զսպելու անհրաժեշտության մասին, մանավանդ, որ Բաքվի քաղաքականությունն ակնհայտորեն ուղղված է մեր հասարակության շրջանում հուսահատության արմատավորմանը: Ակնհայտ է, որ Երևանը Բաքվին պետք է պատասխանի ոչ ստանդարտ քայլերով. խոսքը, տվյալ դեպքում, դիվանագիտական և ռազմական քայլերի հանրագումարի մասին է:
Երեկ նման շեշտադրում կար նաև ԶՈՒ օպերատիվ հավաքի ընթացքում բանակի ղեկավարության ու հրամկազմի առաջ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթում: «Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Ահա այս ֆոնին երեկ հայկական զինուժը խոցել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարքը: Սա այն գործողություններից մեկն է, որը զսպում է Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը: Բաքվում պետք է գիտակցեն, որ համարժեք ու նույնիսկ շատ ավելի թանկ են հատուցելու հայկական զինուժի յուրաքանչյուր կորստի համար:
Աշխարհում թուլացել է միջազգային իրավունքի, երաշխիքների ինստիտուտը: Դրա դրսևորումն էր նաև 2016-ի ապրիլյան պատերազմը, որի սանձազերծման համար Ադրբեջանը, մեծ հաշվով, չարժանացավ միջազգային համարժեք գնահատականի. եթե նույնիսկ Բաքվի հասցեին հնչեց քննադատություն, ապա` քողարկված, որն, ըստ էության, տեղավորվում է միջազգային հանրության, այսպես կոչված, պարիտետային քաղաքականության շրջանակում:
Ալիևն այսօր էլ` հոգեմաշ պատերազմի իր մարտավարությունը կառուցում է համաշխարհային իրողությունների համատեքստում` վստահ լինելով, որ ուժային կենտրոնները գործուն մեխանիզմներ չունեն` իրեն սանձելու համար: Այս համատեքստում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային դերակատար է դառնում բանակը, ինչը ենթադրում է որոշակի վերանայումներ Հայաստանի պաշտպանական քաղաքականության մեջ:
Իհարկե, ժամանակակից ընկալման մեջ բանակի ասվածը շատ ավելի տարողունակ հասկացություն է, որովհետև առաջնագիծն ամուր է, եթե ուժեղ է թիկունքը: Այլ խոսքով` Հայաստանի բանակը չի կարող խաղաղության և անվտանգության երաշխավոր լինել, եթե թիկունքում չունի ժամանակակից տնտեսություն, արդյունավետ դիվանագիտություն: Գլոբալ իմաստով` Հայաստանում պետք է փոխվի պետության կայացման մոդելը` համահունչ դառնալով համաշխարհային զարգացման համատեքստին: