Ամերիկացի օրենսդիրները ծրագրում են հատուկ ծառայություններին հավելյալ միջոցներ հատկացնել՝ գաղտնի տեղեկությունների արտահոսքերի դեմ պայքարում` այնպիսին, ինչպիսի իրականացրել է Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
2014 ֆինանսական տարվա հաշվարկով համապատասխան միջոցառումը բյուջեով նախատեսված է ամերիկյան հետախուզական ողջ հանրության համար: Այն երեքշաբթի հավանության է արժանացել հետախուզական հարցերով Սենատի կոմիտեի կողմից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով հանձնաժողովի ղեկավար Դայեն Ֆայնստայնին:
Բոլոր 16 ամերիկյան հատուկ ծառայությունների բյուջեի ընդհանուր ծավալը, որն այսօր քննարկվում է Կոնգրեսում, ավանդաբար գաղտնի է պահվում: Վերջերս Սնոուդենի կողմից ԶԼՄ-ներին փոխանցված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ 2013 ֆինանսական տարում նրանց գործունեության համար հատկացվել է 52.6 մլրդ դոլար:
Ենթադրվում է, որ հավելյալ հատկացումները կտարածվեն համակարգչային ծրագրերի վրա, որոնք կխոչընդոտեն գաղտնի տեղեկատվությանը չարտոնված հասանելիությունը: Որոշ տեղեկություններով՝ Ազգային անվտանգության գործակալությունը չի հասցրել անցած տարի այդ ծրագրերով ապահովել Հավայա նահանգի իր կենտրոնը, որտեղ էլ հենց աշխատել է Սնոուդենը:
Կընդլայնվեն նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի իրավունքները՝ գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունեցող անձանց հուսալիության ստուգման հարցում: Մյուս կողմից` օրինագիծը նախատեսում է գործակալության գործունեության վերահսկողության ուժեղացում:








































