Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարսանիքն արժեցել է 1 մլն դոլար, հայտնում է BBC-ն։
Հարսանիքը կայացել է Նոր Օռլեանում։ Ընդհանուր առմամբ հրավիրված է եղել ավելի քան 200 մարդ։ Հանդիսությանը ներկա է գտնվել աստղաբույլ՝ Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Եվա Լոնգորիան, Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը և այլք։
Vogue-ի հետ զույգի էկսքլյուզիվ պայմանագրի պատճառով հյուրերին խնդրվել էր բջջային հեռախոսներով չներկայանալ։
Պսակադրության ժամանակ, որն անցել է «Գեղեցկուհին և հրեշը» դիսնեյյան ֆիլմի երաժշտության ներքո, հարսնացուն երկու զգեստ է փոխել։
Ուիլյամսն ու Օհանյանը սկսել էին հանդիպել 2015 թվականին՝ Հռոմում պատահական ծանոթությունից հետո։
Սեպտեմբերի 1-ին 36-ամյա Սերենան ու 34-ամյա Ալեքսիսը դուստր են ունեցել, ում անվանել են Ալեքսիս Օլիմպիա։