«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում արած հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ խնդրի լուծումը ցավոտ է լինելու, չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել: Արա Պապյանի խոսքերով՝ այս թեման չդարձավ հանրության քննարկման առարկա, որովհետև հանրությունը բավականին խեղճացած և հուսալքված վիճակում է գտնվում: Նրա կարծիքով՝ բացի ռուսներին ուղղված ուղերձից՝ սա նաև հասարակական կարծիքը շոշափելու միջոց է։ «Իհարկե ցանկացած լուծում որոշակի փոխզիջումներ է պահանջում, բայց այն փոխզիջումը, որը նախատեսում են Մադրիդյան սկզբունքները, կլինի այն վիճակը, որ մենք կհանձնենք, բայց ոչինչ չենք ստանա»,- հավելեց Արա Պապյանը:
Խնդրի վերաբերյալ չի արտահայտվել նաև ՀՅԴ-ն, որը 90-ականներին դեմ էր Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրին: Արա Պապյանի խոսքերով՝ ճիշտ կլինի ՀՅԴ-ին հարցնել՝ ինչո՞ւ էիք դուք դեմ նույն ծրագրին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ և դեմ չեք Սերժ Սարգսյանի նույն ծրագրին։ «Լռությունը համաձայնության նշան է: Այստեղից մենք արդեն կասկածներ ենք ունենում, որ իրենք լուռ են, քանի որ ունեն պաշտոններ և բիզնեսներ: Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը չեզոքացրեց ՀՅԴ-ին՝ ընդգրկելով կոալիցիայի մեջ, և դրանով գնեց լռությունը»,- ասաց Արա Պապյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































