«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը:
– Պարոն Զաշտովտ, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու ցանկության մասին՝ այդպիսով անակնկալ մատուցելով Բրյուսելին և անհնարին դարձնելով Վիլնյուսում Ասոցացման և ԽՀԱԱԳ պայմանագրերի նախաստորագրումը: Սակայն, ինչպես վերջին օրերին եվրոչինովնիկների հայտարարություններից է պարզ դառնում, ԵՄ-ն չի փակում իր դռները Հայաստանի առջև:
– Հայաստանի այդ որոշումն անակնկալ էր ինչպես Բրյուսելի, այնպես էլ Լեհաստանի համար: Դա անակնկալ էր նաև հայաստանյան հանրության համար, որովհետև եթե հիշենք վերջին երեք տարիների ՀՀ իշխանությունների հռետորաբանությունը, ապա մենք անընդհատ լսում էինք ՀՀ եվրաինտեգրման ցանկության մասին, այնպես, որ ես կարծում եմ, որ այդ որոշումը հայերի համար անակնկալ էր, զարմացած էին: Դա, բնականաբար, կարևոր որոշում էր, բայց դա դեռևս այս ողջ գործընթացի վերջը չէ, ամեն ինչ դեռ ավարտված չէ: Այնպես, որ դեռ մենք պետք է սպասենք իրադարձությունների և զարգացումների, որպեսզի ասենք, որն է Երևանի իշխանությունների վերջնական որոշումը: Դա դեռ վերջնական որոշումը չէ ՀՀ իշխանությունների կողմից:
– Պարոն Զաշտովտ, ՀՀ իշխանությունները որոշման հրապարակումից օրեր անց հայտարարեցին, որ իրենց օրակարգում Ասոցացման համաձայնագիրը մնում է, և քանի որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը հակասում է ՄՄ-ին, ապա պատրաստ են ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը: Բացառո՞ւմ եք, որ, այնուամենայնիվ, բանավեճը, որը ծավալվել է Երևանում և Բրյուսելում, այսպես կարող է ավարտվել:
– Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև Ֆյուլեի խոսքերից չենք կարող ենթադրել՝ հնարավո՞ր է դա, թե՞ ոչ: Երևի Բրյուսելում նրանք ևս պետք է որոշում կայացնեն: Կարծում եմ, որ եթե դա նույնիսկ հնարավոր լինի, դա Հայաստանին զրկում է պայմանագրի ամենակարևոր հատվածից, որովհետև դա այն հատվածն է, որը վերաբերում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը, ստիպում Հայաստանին բարենորոգել երկիրը, տնտեսությունը, և ցավալի է, որ Հայաստանը հրաժարվում է պայմանագրի հենց այդ հատվածից:
– Ինչպես երևում է, հետխորհրդային տարածաշրջանում շատ բան կախված է հենց Ուկրաինայի որոշումից։ Պայքարն Ուկրաինայի համար ՌԴ-ի և ԵՄ-ի միջև բավականին բուռն է ընթանում: Ինչպիսի՞ ճակատագիր կունենա ՄՄ-ն առանց Ուկրաինայի և «Արևելյան գործընկերությունն»՝ առանց Ուկրաինայի:
– Ես այդ մասնագետը չեմ, բայց ես ցանկանում եմ ասել, որ այն ճնշումները, որոնք Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ, երևի թե կապված է Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի քաղաքականության հետ, քանի որ Ուկրաինան ՌԴ-ի համար ամենակարևոր երկիրն է հետխորհրդային երկրների ցանկում: Ուկրաինան, բնականաբար, ՌԴ-ին անհրաժեշտ է Մաքսային միությունում, բայց առաջին հերթին քաղաքական պատճառներից ելնելով և՝ ոչ տնտեսական: Ուկրաինան շատ կարևոր է ԵՄ որոշ անդամ երկրների համար, առաջին հերթին՝ Լեհաստանի համար, որը հանդիսանում է Ուկրաինայի հարևանը, կամ այլ ԵՄ երկրների համար:
Ես վստահ եմ, որ Բրյուսելում կա քաղաքական կամք՝ օգնելու «Արևելյան գործընկերության» երկրներին, որոնք հայտնվել են ՌԴ քաղաքական ճնշումների տակ: Օրինակ՝ Մոլդովայի դեպքում, որտեղ արդեն սկսվել են խնդիրներ մոլդովական գինին Ռուսաստան ներկրելու ճանապարհին։ ԵՄ-ում արդեն կան որոշակի առումով Մոլդովային օգնելու և այդ գործընթացն արևմտյան ուղղությամբ զարգացնելու գաղափարներ: Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա կարծում եմ, որ որոշակի քայլեր կիրականացվեն այս ուղղությամբ, բայց, բնականաբար, այն դեպքում, եթե Հայաստանը շարժվի ԵՄ ինտեգրացիայի ուղղությամբ և հրաժարվի ՄՄ-ից։ Հակառակ պարագայում նման նախաձեռնություններն անիմաստ են:
– Հայաստանն ունի անվտանգության խնդիր՝ ղարաբաղյան հակամարտություն, և ընդունված է ՌԴ-ին անվանել ՀՀ անվտանգության և տարածաշրջանում խաղաղության երաշխավորը, որի պատճառով էլ Հայաստանը կախյալ վիճակում է ՌԴ-ից: Միգուցե այս զարգացումներից հետո ԵՄ-ն ավելի ակտի՞վ դրսևորի իրեն այս հարցերի ուղղությամբ:
– Դա ամենալուրջ խնդիրն է Հարավային Կովկասի համար, ուստի չկա ինչ-որ գաղափար, որը կլուծեր այդ հակամարտությունը շատ արագ։ Եթե նույնիսկ ԵՄ-ն ուժեղացնի իր ակտիվությունը տարածաշրջանում, դա չի օգնի լուծել այդ հակամարտությունը: Կարծում եմ, որ ամեն դեպքում կլինեն նոր գաղափարներ ԵՄ-ի կողմից՝ անկախ նրանից՝ Հայաստանը կմտնի ԵՄ, թե ՄՄ: Հարավային Կովկասը հանդիսանում է ԵՄ-ի հարևան տարածաշրջան և ԵՄ-ն անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է այդ տարածաշրջանում։ Փորձում ենք այնպես անել, որ 2008 թ. Վրաստանի օրինակը չկրկնվի:
– Շտեֆան Ֆյուլեի երեկվա ելույթից դա՞ եք ենթադրել:
– Ռուսաստանը հստակ քայլեր իրականացրեց, ցույց տվեց, որ ԼՂ իրավիճակը կարող է փոխվել, և կլինեն լուրջ խնդիրներ Հայաստանի համար: Դա պարզ դարձավ այն ժամանակ, երբ ՌԴ-ն զենք վաճառեց Ադրբեջանին: Դա ակնհայտ է նաև ԵՄ երկրների համար, և Բրյուսելում դա հասկանում են, ուստի համոզված եմ, որ կլինեն այլ գաղափարներ, որպեսզի օգնեն Հայաստանին էներգետիկ ոլորտում:









































