Ինչպես տեղեկացրել ենք, այս օրերին մասոններն ամենամյա հավաք են անցկացնում Հայաստանում: Այս տարի Հայաստանում մասոնական օթյակ հիմնադրելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ Վարպետ Քրիստոֆ Հաբբասը: Նա երեկ այցելել է ՀՀ Հանրային խորհորդ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե ինչ են քննարկել այցի ընթացքում: Նա նշեց, որ Քրիստոֆ Հաբբասին ուղեկցող սփյուռքահայերից մեկն է զանգել, հանդիպման ցանկություն հայտնել, ինքն էլ սիրով համաձայնվել է։ «Ի՞նչն է խնդիրը»,- հավելեց Վազգեն Մանուկյանը: Մասոնների շուրջ բարձրացված աղմուկը Վազգեն Մանուկյանին քիչ է հետաքրքրում:
Հանրային խորհրդի նախագահից հետաքրքրվեցինք՝ ինչպես է գնահատում մասոնների գաղափարախոսությունը, կիսո՞ւմ է ադյոք նրանց մոտեցումը։ «Մենք հիմա չսկսենք մասոնների մասին խոսել: Աշխարհում հազար ու մի ձևի կազմակերպություն կա, ինչ խնդի՞ր է: Մասոններն էլ մի կազմակերպություն են, որի դերը երբեմն նվազեցնում են, երբեմն ուռճացնում»,- ասել է Վազգեն Մանուկյանը:
Հանդիպման ընթացքում շոշափվել է Հայոց ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն:
«Քանի որ արդարության մասին էինք խոսում, խոսք գնաց, որ հայ ժողովուրդը շատ զգայուն է արդարության նկատմամբ, հատկապես ցեղասպանության և Ղարաբաղի հարցը էլ ավելի են սրել մեր ձգտումը դեպի արդարություն»,- հավելեց նա:










































