ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնել են ԱՄՆ նախագահի շտաբի և Ռուսաստանի միջև հնարավոր պայմանավորվածությունների ստուգում։ Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հատուկ կոմիտեում դեմոկրատների առաջնորդ Ադամ Շիֆը MSNBC-ի հետ հարցազրույցում ասել է, որ կոմիտեն կանցկացնի Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի շտաբի անդամների ենթադրյալ շփումների հետաքննություն։
«Մենք համաձայնության ենք հասել (դեմոկրատական) փոքրամասնության և (հանրապետական) մեծամասնության միջև այն մասին, որ կհետաքննենք ենթադրությունները Թրամփի շտաբի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ»,-նշել է նա։
Ավելի վաղ, հղում անելով հատուկծառայություններին, Թրամփի թիմից հայտնել էին, որ նախագահի նախընտրական շտաբը ընտրարշավի ժամանակ կապեր չի ունեցել ռուսական հետախուզության աշխատակիցների հետ։







































