Մոտ 30 խաղաղ բնակիչներ են զոհվել Մոսուլի արևմուտքում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից վերահսկվող շրջաններից մեկի ռմբակոծության հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին։
Նրանց հաղորդմամբ՝ երեք հրթիռներ հինգշաբթի ընկել են Ալ-Ջադիդա շրջանում։ Դեռևս հայտնի չէ, թե ով է իրականացրել ավիահարվածը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալի՞ցիան թե՞ իրաքյան օդուժը։
Բնակիչները նշել են, որ ավիացիան, հավանաբար, ակնկալել է ոչնչացնել ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկին։
ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերից։
Իրաքցի զինվորականների վերահսկողության տակ է վերադարձել քաղաքի արևելյան կեսի մոտ 80 տոկոսը, սակայն արևմուտքը լիովին մնում է ահաբեկիչների ձեռքում։








































