Իրանում հայտնաբերվել են ռեկորդային՝ 1.8 տրիլիոն դոլար գնահատվող նավթի պաշարներ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
«Այդ թիվն ստացվել է ածխաջրածինների ընթացիկ համաշխարհային գների հաշվառմամբ,- հայտարարել է իսլամական հանրապետության նավթարդյունաբերության փոխնախարար Ահմադ Գալեբանին:- Այդ գումարը համեմատելի է նավթի արտահանումից ավելի քան 100 տարում Իրանի ունեցած եկամուտների հետ»:
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) տվյալներով՝ Իրանում «սև ոսկու» արդյունահանումն ընթացիկ տարվա հուլիսին հասել է օրական 2.68 մլն բարելի:
Գալեբանին նշել է, որ վերջին երկու տարիներին երկրում ուսումնասիրվել են 18.6 մլրդ բարել ընդհանուր պաշարով նոր հանքավայրերը: Իրանում երկրաբանահետախուզական հորատանցքերի բացման ժամանակ նավթի հայտնաբերման հավանականությունն անցած տարի կազմել է 90 տոկոս:







































