Պուտինի այցն Ադրբեջան ցուցադրական տրիումֆ է՝ ուղղված ԱՄՆ-ին, Իրանին և Հայաստանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Զերկալո» ադրբեջանական թերթի քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պաշտոնական այցին:
Ադրբեջանցի քաղաքական տեսաբանն ասաց, որ Ռուսաստանին հենց այսօր անհրաժեշտ էր արտաքին քաղաքական տրիումֆ կամ գոնե տրիումֆի ցուցադրություն: Ըստ նրա՝ եթե ուշադիր հետևենք վերջին ամիսներին աշխարհաքաղաքական արենայում տեղի ունեցող զարգացումներին, ապա կհասկանանք, որ վերջերս Պուտինը մի քանի հարված ստացավ արտաքին քաղաքականության մեջ:
«Առաջին հարվածը Պուտինը ստացավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից. այստեղ Պուտինը, չնայած այս ամենին, փորձում է հակասությունների վրա ցուցադրել իր գործունակությունը:
Երկրորդ հարվածը նա, որքան էլ տարօրինակ է, ստացավ Իրանից, երբ Իրանը նրա այցը մերժեց: Միանշանակ, Ռուսաստանին զայրացնում է նաև Հայաստանի անշնորհակալ վերաբերմունքն իր նկատմամբ. Հայաստանն այսօր փորձում է նստել երկու աթոռի վրա՝ ինտեգրվել Եվրոպական տնտեսական տարածությանը, բայց անվտանգությունն ապահովել Ռուսաստանի միջոցով»,- մեկնաբանեց Ռաուֆ Միրկադիրովը՝ սրանք դիտարկելով որպես Պուտինի ադրբեջանական այցի դրդապատճառներ:
Քաղաքական տեսաբանը չհամաձայնեց շրջանառվող այն տեսակետներին, թե ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր փուլ է սկսվում, ինչպես պնդում են շատ վերլուծաբաններ: Նրա համոզմամբ՝ աշխարհաքաղաքական գլոբալ հարցերում Ռուսաստանն ու Ադրբեջանը այլ մոտեցումներ ունեն և հարաբերությունների նոր փուլ այդ մոտեցումների վրա չեն կարող կառուցել: «Ես կարծում եմ, որ այդ գլոբալ հարցերում, այնուամենայնիվ, լուրջ որոշումներ և պայմանավորվածություններ չեն կարող ձեռք բերվել, որը կարելի կլիներ որակել որպես հարաբերությունների բեկում կամ նոր փուլի սկիզբ: Այստեղ գուցե Պուտինը նաև անձնական բիզնես շահեր ունի, այդ պատճառով կարևորում է այցն Ադրբեջան»,- ասաց նա:
Ռաուֆ Միրկադիրովի կարծիքով՝ այցը ՀՀ-ի համար սպառնալիք չպետք է լինի, քանի որ ԼՂ հարցում առաջիկայում որևէ փոփոխություն տեղի չի ունենա:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած խոշոր պատվիրակությունը՝ բաղկացած վեց նախարարներից և տասնյակ տարբեր տրամաչափի այլ պաշտոնյաներից, ժամանում է Բաքու՝ մի շարք ոլորտներում Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:









































