ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստում, նոյեմբերի 9-ին, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև կրկին անհամաձայնություն է եղել: ԱԺ ճեպազրույցների ժամին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի օրակարգում ներառվել է հարց հետևյալ ձևակերպմամբ՝ «Լեռնային Ղարաբաղի և օկուպացված այլ տարածքների քննարկում: Ա. Ռուստամյանը նաև նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե կանխվել է հայ պատգամավորի սադրանքը, այսինքն՝ իր, ինչը սուտ է: Թեև հանձնաժողովի աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով, բայց, ըստ Արմեն Ռուստամյանի, հավանաբար ադրբեջանական լոբբիստներն են տարածել տեղեկությունները:
«Այս հանձնաժողովն աշխատում է գրեթե կես տարի, սակայն արդյունքներ չկան և առաջարկ է կատարվել այդ հանձնաժողովի ղեկավարի կողմից, որ այն հատուկ հանձնաժողովի կարգավիճակից վերածվի սովորականի, քանի որ չի աշխատում: Խնդիրն օրակարգից օրակարգ անցնող Ղարաբաղի հետ կապված ձևակերպումն է, թե ԼՂՀ և մնացած գրավյալ տարածնքեր…, այդ ձևակերպումը մեզ համար անընդունելի է:
Խնդիրն այն է, որ պարոն Շեննախը հայտարարեց, թե երկու կողմեր՝ Ադրբեջանն ու Հայաստանը, համաձայնել են այս ձևաչափում քննարկել այս հարցը: Սա պրովոկացիա է, որն իրականությանը չի համապատասխանում: Հայաստանը երբեք չէր համաձայնի նման ձևակերպման հետ: Եթե այսպես գնա, ապա մենք քննարկելու որևէ իմաստ չենք տեսնում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ա. Ռուստամյանը կարևորեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը հաջողվել է ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովում մի պահանջ ամրագրել, ըստ որի, ԼՂ հակամարտությունը կարող է քննարկվել, եթե կա երկու կողմերի համաձայնությունը: Ռուստամյանի հավաստմամբ՝ շատ պատգամավորներ պաշտպանել են այս մոտեցումը:






































