«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը), ով նախաձեռնել է «Միասնական Հայաստան» խորագրով շարժումը:
– Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ նման շարժում ստեղծելու, որի նպատակն է Ազգային ժողովում ստեղծել Վերին պալատ, որտեղ ընդգրկված կլինեն նաև սփյուռքահայեր: Որքանո՞վ առհասարակ կա անհրաժեշտություն, որ Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում մեծանա: Սփյուռքը միշտ իներտ է եղել և չի մասնակցել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին:
– Իներտ են եղել, հիմա պետք է անթնացնեք, որ գան: Եվ մենք ոչ թե առաջարկում ենք ընդհանրապես միմիայն Սփյուռքից ընտրվեն, այլ համամասնորեն բաժանում լինի՝ Սփյուռքից, Արցախից և Հայաստանից: Եվ այս պալատը միայն Սփյուռքի համար չէ, ավելի շատ Հայաստանից են լինելու, քան Սփյուռքից:
– Արդեն կա՞ որոշակի պայմանավորվածություն:
– Կոնկրետ ոչ մի պայմանավորվածություն չունենք, բայց աշխատում, քարոզում ենք: Մեր կողքը կանգնած արդեն լիքը մարդ կա, մեզ համակրողներ կան, և փորձում ենք այդ ամենը ձևակերպել և բոլորս մեկ հայտարարությամբ հանդես գալ:
– Ինչո՞ւ հիմա անհրաժեշտություն առաջացավ այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ:
– Որովհետև նոր ընտրվելիք պառլամենտի մեջ պետք է հասցնենք անենք, հենց հիմա, այսինքն՝ մինչև հիմա ոչ ոք գլխի չէր ընկել, ես էլ այդ երազը չէի տեսել: Ճիշտն ասած, ոչ թե ֆայմել եմ, այլ երազ եմ տեսել, արթնացել եմ, մոմ վառել և այդ հայտարարությունն արել: Եվ եթե երազը չտեսնեի, չէի ֆայմի, ինձ այդքան խելք որտեղի՞ց…
– Ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել, որ պետք է վեր հանեք:
– Առանցքային կետը նախևառաջ արդարությունն է, համախմբումը, շուկայի ճիշտ ձևավորումը: Մեզ մոտ չկա շուկա ձևավորված, մոնոպոլյաներ են, ամեն ինչ կիսել են իրար մեջ, իսկ այդպես չի կարող երկրի տնտեսությունը զարգանա: Եվ առանց արդարության, առանց շուկայի հավասարության ոչ մի բան չի կարող լինել: Եվ ես վստահ եմ, որ միայն մեր առաջարկած տարբերակը, մոդելը կկարողանա խթանել հարցերի լուծմանը:
– Կարծում եք, որ Ձեր նախաձեռնությունից հետո շատ սփյուռքահայե՞ր ներդրումներ կանեն Հայաստանում:
– Ոչ թե կարծում եմ, այլ ցուցակներ ունեմ, հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք վստահություն չունեն ներդրումներ անելիս, իսկ եթե իրենք իմանան, որ իրենց ներկայացուցիչները, իրենց ղեկավարները իրենց միջից ընտրված մարդիկ կարող են լինել, ինչու չէ, պատրաստ են ներդրումներ անել: Այդ մարդիկ շատ կարևոր են, քանի որ շուկա ունեն, իսկ մենք այստեղ շուկա չունենք, փակուղու մեջ ենք, մենք ինչ արտադրում ենք՝ հազիվ մեզ է հերիքում կամ արտահանելու համար արտադրանքը մրցունակ չէ:
– Իսկ Ձեր շարժումը ինչպիսի՞ ուղղվածություն ունի, պրոարևմտյա՞ն, պրոռուսակա՞ն:
– Ոչ մի ուղղվածություն չունենք, մենք ոչ մի պրո-ական չենք, մենք ապակուսակցական շարժում ենք: Հնարավոր է մեզ միանան նաև կուսակցականներ, բայց մենք ոչ մի կուսակցության չենք հարի և չենք միանա:
– Իսկ կա՞ն քաղաքական ուժեր, որ հետաքրքրված են ձեր նախաձեռնությամբ:
– Հայաստանում՝ ոչ, Սփյուռքում՝ այո: Մարդիկ կան, որոնց հետ աշխատելու ենք:
– Ովքե՞ր են, անուններ կտա՞ք:
– Հիմա ոչ, մոտ տասը օրից կտամ: Լիազորված չեմ, իրավունք չունեմ տամ:
– Ինչո՞ւ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ նման նախաձեռնությամբ հանդես եկաք: Բացառո՞ւմ եք, որ կմասնակցեք ընտրություններին:
– Ոչ մի բան չի բացառվում, բայց այս պահին նման նպատակ չունենք, նայած՝ ընտրարշավն ինչպես կլինի, արդարությունը որքան կլինի: Մենք ընտրարշավին որպես դիտորդ ենք ուզում մասնակցել, որպեսզի կարողանանք այսօր արդար ընտրություններ ապահովել:
– Դուք խոսեցիք դաշտում ներդրումներ անելու համար ոչ նպաստավոր պայմաններից, անվստահությունից: Ձեր ընտանիքը ներդրումներ անելիս, որ հարցո՞ւմ է արգելքների հանդիպել:
– Շուկայում մենք տեղ չունենք, քանի որ շուկա չկա: Գնորդ չունենք, պահանջարկ չկա, սա ամենամեծ պրոբլեմն է: Եվ միայն մենք չենք, շատ շատերը տուն են սարքում, շինարարություն իրականացնում, մի քանի տարի է, սակայն, ոչ մի բան չեն գնում, շատ դժվար է հիմա գոյատևել բոլորի համար: Մեր նպատակը հայ ժողովրդի, հայաստանցիների համար շուկա ստեղծելն է, առանց որի՝ ոչ ոք ոչ մի տեղ չի կարող հասնել:
– Ով է մեղավո՞ր շուկայի բացակայության համար, իշխանությո՞ւնը…
– Չեմ կարող ասել իշխանությունների, բայց որ իշխանությունն ուզենար, ավելի բաց կլիներ մեզ մոտ շուկան: Մենք գիտենք, որ այս օլիգարխները, մոնոպոլիստները իրենք են ձևավորել շուկան և իրենց ձեռք չի տալիս, որ ուրիշներն էլ աշխատեն, ուրիշներն էլ հաջողությունների հասնեն:
– Իշխանությունը թույլ կտա՞, որ ձեր նախաձեռնությունը կյանքի կոչվի՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում խաղի այլ կանոններ են գործում:
– Իշխանությունների դեմ բան չունենք, մենք ուզում ենք այս համակարգը փոխվի, մենք ոչ մեկի անունը չենք տալիս, պարզապես ասում ենք, որ շատ վատ վիճակ է, կործանարար վիճակ է, ազգովի՝ և՛ պետությունը, և՛ ժողովուրդն անդունդի եզրին է կանգնած, որովհետև տնտեսությունը չի աճում, մենք հետ ենք գնում: Սա է մեր կռիվը, սա է մեր պայքարը: Ով մեզ հետ լինի, մենք էլ իր հետ կլինենք: Մենք տնտեսական զագրացման ծրագիր ենք ներկայացրել, ոչ ոք չարձագանքեց վերևներում, մեկը չկա զանգի ասի՝ այ շուն շանորդի, այս ինչ ես գրել, արի միասին նստենք քննարկենք: Ոչ մի չինովնիկ չզանգեց, չհրավիրեց խոսելու:
– Հիմա Դուք գրանցվել եք, գրասենյակներ ունե՞ք:
– Ոչ գրանցված չենք, գրասենյակ չունենք, փողոցներում, հեռախոսներով, բերան-բերան տարածում ենք մեր գաղափարները, որովհետև միջոցներ չունենք:
– Գիտեմ, որ հանդիպել եք Սերժ Սարգսյանին, ներկայացրել Ձեր ծրագիրը:
– Այո, ամենաառաջինը նրան եմ ներկայացրել, բայց ոչ թե գնացել հարցրել եմ կարելի՞ է, թե ոչ, այլ տեղեկացրել եմ, որ նման բան ենք նախաձեռնել, ուշադիր ուսումնասիրեք, եթե կարող եք, աջակցեք, եթե ոչ՝ արդեն մենք մեր ճանապարհը գտել ենք և դրանով գնալու ենք:
– Քաղաքական ուժերի հետ համախմբում բացառո՞ւմ եք:
– Որևէ քաղաքական ուժի հետ դեռ չենք հանդիպել, սպասում ենք՝ իրենք հրավիրեն, իրենք գան, մենք հրապարակել ենք մեր ծրագիրը:
– Իշխանափոխություն չե՞ք պահանջելու:
– Մենք իշխանափոխություն անելու նպատակ չունենք, մենք նպատակ ունենք արդար ընտրություններ անցկացնելու, վերջ:
– Իշխանությունը չի թողել, որ ընտրությունները լինեն արդար ու թափանցիկ:
– Դե հիմա որոշել ենք պայքարել:Այս ամենի ամենակարևորը այն է, որ Աստված մեզ հետ է, իրենց հետ չէ:
– Դուք խոսեցիք մենաշնորհներից, ներդրումների նպատակարմար չլինելուց: Վարչապետն էլ է այդ մասին խոսում:
– Ուրախ եմ, որ նոր կառավարությունը բարեփոխումներով է զբաղված: Անձամբ ծանոթ եմ վարչապետին և դրական կարծիք ունեմ իր մասին, ուղղակի ապրենք կտեսնենք: Իրենք, որքան ես գիտեմ, քաղաքականությամբ չեն զբաղվում: Մենք մեր առաջարկն արել ենք, տնտեսության զարգացման մեր տեսլականը ներկայացրել ենք, մինչև հիմա ոչ մի արձագանք չկա նրանց կողմից: Ես միշտ հեղափոությանը դեմ եմ եղել, և երբեք թույլ չեմ տա, որ հեղափոխություն լինի: Հեղափոխությունն ամենասխալ ճանապարհն է:
Սփյուռքն ուզում է մասնակցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, բայց տեղ չեն տալիս:
– Շատերը ասում են, որ Սփյուռքը իրավունք չունի խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, որ մասնակցություն ունենալու համար պետք է գալ և Հայաստանում ապրել:
– Ինչո՞ւ իրավունք չունի խառնվելու, այդ դեպքում ինչ իրավունքով եք դուք միշտ Սփյուռքից փող պահանջում: Արդեն ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում ենք, բայց ինչ իրավունքով: Ի վերջո սա համայն հայերի երկիրն է, ոչ թե միայն հայաստանցների: Այս 30 տարին ցույց է տվել, որ համայն հայության շնորհիվ մենք հաղթանակների, անկախության ենք հասել, բայց մինչև հիմա ոչ մի բանով մեր կողքը չեն:
– Սփյուռքը, սակայն, ցեղասպանության միջազգային ճանաչումից այն կողմ որևէ բան չի արել:
– Այո, և մենք որոշել ենք կտրուկ փոխել այդ ամենը:
– Առաջիկայում ի՞նչ ծրագիր ունեք:
– Նստած սուրճ ենք խմում, տեսնենք ով ինչ առաջարկություն ունի, մենք մեր ասելիքն ասել ենք և սպասում ենք բոլոր կողմից առաջարկների:
– Սեյրան Օհանյանի հետ հանդիպել եք, կմիանա՞ Ձեզ:
– Ես Սեյրան Օհանյանի հետ ամեն օր եմ հանդիպում, ինքն իմ մարտական ընկերն է, երեխաներիս քավորն է և նաև հարսանիքի, մտերիմ ընկերներ ենք և ընդամենը, ուրիշ ոչ մի բանի մասին ո՛չ նա է խոսում, ո՛չ ես: Ինքը հավանություն է տվել, ասել է, որ ճիշտ բան եք մտածել, լավ կլինի, որ մի բան ստացվի: Չեմ կարծում, որ ինքը կմիանա մեր շարժմանը: Մեր շարժմանը կամ պետք է հավանություն տան, կամ պետք է չտան:








































