Պաղեստինյան իշխանությունները մինչև այս պահը իրենց դիրքորոշումը չեն արտահայտել Բարաք Օբամայի ներկայացրած նոր մերձավորարևելյան նախաձեռնությունների վերաբերյալ, քանի որ քննարկումներ են իրականացնում արաբական երկրների ղեկավարների հետ` միասնական դիրքորոշում ունենալու համար: Այս մասին այսօր գրել է պաղեստինյան «Ալ-Այամ» թերթը:
«Մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք այս ելույթը և չմտածված մեկնաբանություններ չանենք, որոնք կարող են օգտագործվել պաղեստինցիների դեմ, հատկապես` Իսրայելի և նրա աջակիցների կողմից», «Ալ-Այամը» մեջբերել է իր աղբյուրների հաղորդածը:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով երեկ բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտարարել է, որ իր երկիրը համաձայն է պաղեստինցիների հետ փոխզիջումային հաշտության գնալ, սակայն 1967թ. սահմանների վերականգնման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին նա ասել է լրագրողներին` Բարաք Օբամայի ներկայությամբ, որը մայիսի 20-ին ներկայացրել էր ԱՄՆ մերձավորարևելյան նոր քաղաքականությունը` առաջարկելով որպես իսրայելա-պաղեստինյան հաշտեցման տարբերակ 1967թ. սահմանների վերականգնումը, ինչը ենթադրում է իսրայելական շատ բնակավայրերի հանձնում Պաղեստին պետությանը:










































