«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձ կատարելով վանաձորյան դեպքերին ասել է. «Հասկանալով, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, մեր խմբակցության ավագանու 3 ներկայացուցիչների հետ պայմանավորվեցինք, թե ինչպես քվեարկել», այնուհետ ընդգծել է, որ ՀՎԿ ավագանիների մասով տեղի է ունեցել կա՛մ ճնշում, կա՛մ տարրական քաղաքական առևտուր, ինչպես կմեկնաբանեք: Այս առնչությամբ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հանդես է եկել պատասխանով, որը ներկայացնում ենք ստորև.
«Սկսեմ նրանից, որ դեռ մինչև ավագանու նիստը, հուշագրից հետո ընկած ժամանակահատվածում ի տարբերություն Վահե Էնֆիաջյանի, մենք՝ Հայկական վերածննդի պատգամավորներս՝ Հեղինե Բիշարյանը և ես գտնվում էինք Վանաձոր քաղաքում և փորձում էինք ղեկավարել ամբողջ գործընթացը, այլ ոչ թե Երևանից հետևինք թե ինչ ընթացք է ստանալու և ինչպես է ընթանալու ավագանու նիստը: Ով հետևել է ավագանու նիստը ուղիղ հեռարձակմամբ կարող է վկայել, որ հենց առաջին պահից սկսած, ես, Հեղինե Բիշարյանը և Էդմոն Մարուքյանը փորձում էինք ամեն ինչ անել որպեսզի խոչնդոտեին հանձնաժողովի կողմից անօրինական որոշումները: Հենց այստեղ հարցս ուզում եմ ուղղել Վահե Էնֆիաջյանին, իսկ ուր էր ինքը այդ ժամանակ, չէ որ եթե ԲՀԿ-էլ միանար մեզ, ապա շատ հնարավոր է, որ այդ գաղտնի քվեարկման կեղծ օրակարգը ուժի մեջ չմտներ: Հիմա ամենակարևորի մասին, երբ Վահե Էնֆիաջյանը հայտարարում է, որ ԲՀԿ խմբակցության ավագանու 3 ներկայացուցիչների հետ պայմանավորվել է, թե ինչպես քվերակեն, որպեսզի ապացույց լինի հետագայում, ապա ես այստեղ մեծ վերապահում ունեմ, քանզի հանձնաժողովի անդամը վկայում է այն մասին, որ նշված քվեաթերթիկներից միայն մեկն է եղել ըստ իր ասած պահանջների: Ակամայից հիշեցի գյումրվա դիպուկ արտահայտություններից մեկը. «Սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում»: Անընդունելի եմ համարում էժան դիվիդենտներ շահելու միտումով անպատասխանատու արտահայտություններ անելը: Երևի տեղն է եկել հիշելու ժողովրդական ասացվածքը «բոլորից բարձր գողն է գոռու գողության մասին»: Լավ կլիներ, որպեսզի Վահե Էնֆիաջյանը չանցներ կոռեկտության սահմանները և հարգեր գործընկերության սկզբունքները ու հաշվի չառնելով իր ջերմ հարաբերությունները իշխանությունների հետ իր քննադատության սլաքները ուղղեր իշխանությանը, քանզի նրանք այս ընտրությունների ժամանակ ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց իրական՝ խայտառակ դեմքը, որ պատրաստ են ամեն գնով իշխանությունը պահել՝թեկուզ տեղական մակարդակում:
ԱԺ ՀՎԿ պատգամավոր՝ Լևոն Դոխոլյան









































