Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է 1923 թվականին կնքված Լոզանի համաձայնագրի վերաբերյալ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությանը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ոմանք, վկայակոչելով Սևրի պայմանագիրը, փորձում են Լոզանի պայմանագիրը ներկայացնել որպես հաղթանակ՝ ընդգծելով, որ այդ պայմանագրով Թուրքիան Հունաստանին զիջել է Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիներ, ինչի հետևանքները զգացվում են մինչ այսօր:
Ի պատասխան՝ Բահչելին հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի Հանրապետության անկախության փաստաթուղթն է, իրավական ակտն է ու զրահը: Բահչելին հիշեցրել է, որ ընթացիկ տարվա հուլիսի 24-ին Էրդողանը Լոզանի պայմանագիրը որակել էր որպես հաղթանակ:
Հիշեցնելով, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) այս տարվա ապրիլին նշեց իր ստեղծման 96-ամյակը՝ Բահչելին իր զայրույթն է հայտնել, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ խորհրդարանի շենքը ռմբակոծվել է 7 անգամ:










































