Գերմանիայի ոստիկանությունը սկսել է ներգաղթյալներին ավելի հաճախ մերժել մուտքի հարցում Ավստրիայի հետ սահմանին: Այս մասին հուլիսի 31-ին հայտնում է Die Welt թերթը՝ հղում անելով Գերմանիայի ՆԳՆ-ին:
Գերատեսչության տեղեկությամբ՝ հուլիսին մերժումների թիվն աճել է՝ հասնելով մինչև 50%-ի: Հուլիսի վերջի դրությամբ Ավստրիայից Գերմանիա են փորձել մուտք գործել մոտ 2600 ներգաղթյալ: ՆԳՆ-ում հայտարարել են, որ 1300 մարդ մերժում է ստացել:
Որպես պատճառ գերատեսչությունում նշել են «մուտքի պայմանները չկատարելը»: Խոսքը, օրինակ, այն ներգաղթյալների մասին է, որոնք չեն ծրագրում Գերմանիային ներկայացնել ապաստան տրամադրելու խնդրագիր:
Միաժամանակ ՆԳՆ-ում արձանագրել են ներգաղթյալների թվի աճ, որոնք փորձում են Գերմանիա մտնել Շվեյցարիայից: Հուլիսին նրանց թիվը եղել է 750՝ նախորդ ամսվա 550-ի փոխարեն:
Միաժամանակ կտրուկ նվազել է անչափահաս փախստականների թիվը, որոնք փորձում են մուտք գործել երկիր առանց մեծահասակների ուղեկցության: Հուլիսին նրանց թիվը եղել է 100, մինչդեռ 2016թ-ի ամբողջ առաջին եռամսյակում առանց ուղեկցության Գերմանիա է փորձել մուտք գործել ավելի քան 3.500 անչափահաս:











































