ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Խոսելով Վարշավայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ունեցած հանդիպումների մասին` Քիրբին հիշեցրել է, որ նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ և քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
«Պետքարտուղարը այդ հանդիպումներում հայտարարեց այն պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Պետքարտուղարը նաև վերահաստատեց, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ բովանդակալից բանակցություններին»,- ասել է պետդեպարտամենտի խոսնակը:











































