Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը բանաձև է ընդունել, որում դիմել է Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին և ընդգծել Վրաստանի ունեցած հաջողությունները:
Այդպիսով ԱՄՆ սենատն իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Բանաձևում բարձր է գնահատվել միջազգային խաղաղապահ գործողություններին Վրաստանի զինված ուժերի մասնակցությունը, ինչպես նաև երկրի ժողովրդավարական ու ռազմական ինստիտուտների զարգացման ուղղությամբ Վրաստանում կատարվող քայլերը, որոնք անհրաժեշտ են դաշինքին անդամակցելու համար:
Փաստաթղթում ընդգծվում է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի գոյության կարևորությունը Վրաստանի պաշտպանունակության հնարավորությունների զարգացման տեսանկյունից: Կարևորվել է նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական ու գնահատման կենտրոնի դերը փոխադարձ համագործակցության խորացման տեսանկյունից:
Բանաձևում հիշատակված է նաև Վրաստանի օկուպացված տարածքների մասին: Փաստաթղթի հեղինակների խոսքերով՝ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հետևանքով Մոսկվայի կողմից ապօրինաբար վերահսկվող տարածքներին Աբխազիայից ու Հարավային Օսիայից բացի՝ ավելացավ նաև Ղրիմը:










































