Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Թբիլիսի, որտեղ բանակցություններ է վարելու Վրաստանի ղեկավարության և ընդդիմադիր մի շարք առաջնորդների հետ:
Քերին հուլիսի 7-ին Վրաստանից մեկնելու է Ուկրաինա, իսկ այնտեղից էլ՝ Վարշավա, որտեղ հուլիսի 8-9-ը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Քերին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ Թբիլիսիում անցկացնելու է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության Խարտիայի լիագումար նիստ, որի ժամանակ քննարկվելու են դեռ 2009 թվականի հունվարին ստորագրված խարտիայի առաջնահերթ ուղղությունները՝ ժողովրդավարություն, պաշտպանություն ու անվտանգություն, տնտեսություն, ժողովուրդների միջև հարաբերություններ:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու և արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցություններ «Միասնական ազգային շարժման» և «Ազատ դեմոկրատների» առաջնորդների հետ:








































