ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նախկինում, արտաքին քաղաքականության ոլորտում իր ամենամեծ սխալն է համարում ռազմական միջամտությունը Լիբիայում հակամարտությանը։ Չորեքշաբթի ելույթ ունենալով Ինդիանա նահանգի Էլկհարթ քաղաքում՝ ամերիկյան վարչակազմի ղեկավարը խոստովանել է, որ այժմ արաբական այդ երկրում քաոս է տիրում։
«Ես արդեն նախկինում ասել եմ, որ իմ ամենամեծ արտաքին քաղաքական սխալն եմ համարում միջազգային կոալիցիայի կազմում Լիբիա ներխուժումը»,- ասել է նա՝ պատասխանելով ամերիկացիների հարցերին հանդիպմանը, որը կազմակերպվել էր PBS հեռուստաընկերության կողմից։ Օբաման հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն աջակցել են ապստամբներին, որոնք պայքար են մղել Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ, սակայն չեն կարողացել ժամանակին ապահովել կայունություն և օգնություն ցուցաբերել երկրի նոր կառավարության ձևավորմանը։
Նա նաև պարզաբանել է, որ սխալները մեծ քաղաքականությունում երբեմն տեղի են ունենում ճշգրիտ և հուսալի տեղեկատվության սղության պատճառով։ Նույնիսկ նախագահը երբեմն ստիպված է լինում ընդունել որոշումներ՝ հիմնված ենթադրությունների, այլ ոչ թե հստակ տվյալների վրա՝ ասել է նա։











































