Իրանի նախագահի թեկնածու Հասան Ռուհանին ընտրությունների առաջին փուլում հաղթելու հնարավորություն ունի: Այս մասին Trend գործակալությանը հաղորդել է Ռուհանիի ընտրական շտաբի ղեկավար Մուհամադ Ռեզա Նեմաթզադեն:
Նրա խոսքերով՝ հաշվի առնելով, որ բարեփոխական թևի մյուս թեկնածուն՝ Մուհամադ Ռեզա Արեֆը, հանել է իր թեկնածությունը, և այն, որ Ռուհանիին աջակցում է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին և Բարեփոխականների խորհուրդը, հույս կա, որ նա կհաղթի առաջին փուլում:
Նեմաթզադնե չի բացառել նաև, որ ընտրությունները կարող են անցկացվել երկու փուլով: Նա նշել է, որ Ռուհանին հիմնական ուշադրությունը սևեռել է բարձր ինֆլյացիայի դեմ պայքարի վրա: Նա նաև մտադիր է կայունացնել արժույթի փոխարժեքը:
Նեմաթզադեն ասել է, որ Ռուհանին եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և Արևմուտքի հետ գլխավոր բանակցողը Մուհամադ Հաթեմիի նախագահության օրոք (1997-2005թթ.): Նրա խոսքերով՝ Ռուհանին ապացուցել է, որ կարող է բանակցություններ վարել, քանի որ կարողացել է արգելափակել Իրանի դեմ կիրառվելիք պատժամիջոցները (թույլ չի տվել, որպեսզի իրանական հարցը քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում): Նրա կարծիքով՝ Ռուհանին փորձ և պոտենցիալ ունի Իրանի միջուկային խնդիրը լուծելու և պատժամիջոցները հանելու համար:
Անդրադառնալով Ռուհանիի արտաքին քաղաքականությանը՝ Նեմաթզադեն նշել է, որ թեկնածուի կարծիքով՝ պետք է զարգացնել հարաբերություններն աշխարհի հետ:









































