Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի հայերը ջանքեր են գործադրելու քույր քաղաքներ դարձած Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի հարաբերություններն ակտիվացնելու համար: Այս մասին հայտնել է «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի, Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը:
«Ինչպես գիտեք, 2016 թվականի փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այդ գործում մեծ ազդեցություն ունեցավ մեր կազմակերպությունը»,-ասել է Սարգիս Կարամեկիանը՝ հավելելով, որ այժմ իրենք տարբեր ծրագրեր են իրականցնելու Արցախի հետ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ: Համագործակցությունը կարող է լինել թե՛ զբոսաշրջության, թե՛ առևտրի, թե՛ մշակույթի, թե՛ սպորտի ուղղություններով՝ նշել է նա։
Որոշման նախագիծը ներկայացվել է Ֆրանկու դա Ռոշայի քաղաքային խորհրդի անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։ Օրերս Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալական նամակը փոխանցվեց Անտոնիո Լոպես դա Սիլվային:
Սարգիս Կարամեկիանի խոսքով՝ Բրազիլիան մեծ շուկա է և բոլոր հնարավորությունները կան, որ Արցախի ապրանքներն իրենց տեղը գտնեն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվելու Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի կողմից:
Բրազիլիան 200 մլն բնակչություն ունի, որից միայն շուրջ 50 միլիոնը Սան Պաուլոյում են ապրում: Ստեփանակերտի հետ քույր քաղաք դարձած Ֆրանկու դա Ռոշայում 150 հազար բնակչություն կա: «Այսինքն՝ շուկան մեծ է: Մտածում ենք հայկական ճաշատեսակները, քաղցրեղենն այստեղ առավել ճանաչելի դարձնել, մանավանդ, որ հայկական խոհանոցի սիրահարների թիվն ավելանում է: Բրազիլացիները սիրում են համեղ կերակուրներ, մենք էլ առիթը կօգտագործենք և հայկական խոհանոցը հասարակության լայն շրջանակում կներկայացնենք»,-հայտնել է Սարգիս Կարամեկիանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Ստեփանակերտի հետ համատեղ մշակութային միջոցառումներ իրականացնել: Միմյանց մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները ճանաչելի դարձնել:
Վերջին տվյալներով՝ Սան Պաուլոյում 50 հազար հայ է ապրում: Լիարժեք դրսևորովելու համար հայկական համայնքն ունի անհրաժեշտ պայմաններ:
Հայկական համայնքն ունի նաև հայերենով ռադիո հաղորդում, որը կոչվում է «Հավերժական Հայաստան»: Այն արդեն 10 տարեկան է:
«Հիմնականում հայկական ընտանիքներում աշխատում են հայերեն խոսել: Ես իմ ծնողներից եմ հայերեն սովորել, մինչև այսօր մենք ընտանիքում միմյանց հետ հայերեն ենք խոսում: Այդ մոտեցումը կիրառում եմ իմ զավակների դեպքում: Իմ երեխաները նույնպես հայերեն են խոսում: Մենք Սան Պաուլոյի կենտրոնում ունենք հայկական դպրոց, բայց քաղաքը մեծ է, այնտեղ հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում հետևաբար, լեզուն հիմնականում պահպանվում է ընտանիքներում»,-ասել է Սարգիս Կարամեկիանը:












































