Ժամանակին բազմահազար բնակչություն ունեցող, Բագրատունիների արքայատոհմի իշխանության ներքո մշակութային և տարածաշրջանային հզոր կենտրոն դարձած Անին այսօր վերածվել է լքված ուրվական-քաղաքի: Երբ քայլում ես ավերակների կողքով, միակ ձայնը, որ կարող ես լսել, Հայաստանի ու Թուրքիայի սահմանը դարձած ձորից եկող քամին է: Այս մասին գրում է BBC-ն «Աշխարհի կողմից մոռացված կայսրություն» խորագիրը կրող հոդվածում:
«Իր ծաղկունքի շրջանում՝ 11-րդ դարում, գիտնականները ենթադրում են, որ Անին ունեցել է 100 հազար բնակչություն, որն ավելին է, քան այն ժամանակվա Փարիզի և Լոնդոնի բնակչությունը միասին վերցրած: Հայտնի որպես «1000 ու մեկ եկեղեցիների քաղաք»՝ Անիի հայ առաջնորդներն ու առևտրականները հիմնել են զգալի թվով պաշտամունքի վայրեր, որոնք բոլորն էլ ձևավորված են այդ ժամանակաշրջանի մեծագույն ճարտարապետական և գեղարվեստական ոճով»,- գրում է բրիտանական լրատվամիջոցը:
Հոդվածի հեղինակ Ժոզեֆ Ֆլահերթին նկարագրում է Անիում կիսականգուն մնացած հայկական եկեղեցիները՝ Անիի Մայր տաճարը, Սուրբ Փրկիչը, Աբուղամրենց Սուրբ Գրիգորը, Տիգրան Հոնենցը, անդրադառնում Անիի ստորգետնյա կառույցներին ու պարիսպներին:
Նա փաստում է, որ թեպետ Անին շատ հաճախ վերածվել է պատերազմական թատերաբեմի, սակայն դրա ավերակներն այսօր ներկայացնում են պատմության տարբեր ժամանակաշրջաններ, երբ քաղաքը տեսել է մշակույթների, կրոնների ու գեղարվեստական մոտիվների տարբեր շրջափուլեր:







































