ՀԱՊԿ-ն պետք է հաշվի առնի Հայաստանի փորձը անվտանգության ապահովման ոլորտում. այդ երկիրը հատուկ տեղ է զբաղեցնում կազմակերպությունում՝ միջազգային լարվածության օջախներին մոտ գտնվելով՝ հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նարիշկինի գլխավորած ռուս խորհրդարանականների պատվիրակությունն աշխատանքային այցով մարտի 11-12-ը գտնվում է Երևանում։
Պետդումայի խոսնակը նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ-ն, որպես կազմակերպության միջխորհրդարանական համագործակցության մարմին, մշտապես ձգտում է օրենսդրական դաշտում նպաստել ժամանակակից, ոչ հեշտ պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության ամրապնդմանը։
«Մենք պետք է հաշվի առնենք նրա փորձը, այդ թվում և խորհրդարանական, անվտանգության ապահովման ոլոտում»,-կարծում է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ այն հիմնականում արտացոլված է ՀԱՊԿ հավաքական անվտանգության սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրագործման միջոցառումների և 2015-ին կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների պլանում։
«Այդ պլանում ներառված է մեր կազմակերպության ուժային բաղադրիչի ամրապնդման ու զարգացման հստակ միջոցառումների փաթեթը։ Եվ վաղը մենք Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ տեղակայման «Էրեբունի» աերոդրոմ այցի ժամանակ կծանոթանանք մեր պաշտոնական հնարավորություններին ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»,- ասել է Նարիշկինը։









































