Ֆինանսների նախարարությունը կրկին վերակազմակերպվում է: Հարկային և մաքսային ծառայությունները, որոնք միավորվել էին 2014 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանագրով կառանձնացվեն ֆինանսների նախարարությունից:
Օրեր առաջ Հանրապետական կուսակցության հետ քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրած Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դիտարկմամբ՝ այս երկու մարմինների տարանջատումը տրամաբանական է, սակայն նույնը չի կարող ասել դրանց միացման մասին:
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը նկատում է՝ հարկային և մաքսային մարմինների միացման նպատակը պետական եկամուտների գոյացման ու ծախսման գործառույթները համադրելն էր, սակայն միևնույն ժամանակ ընդծում է՝ այս երկու գործառույթները անհամատեղելի են և պետք է տարանջատված լինեն:
Խոսելով հարկային և մաքսային մարմինների նախկինում միավորման ու հիմա արդեն տարանջատման քաղաքատնտեսական դրդապատճառների մասին՝ Մարգարյանը նկատեց՝ հաշվի առնելով այս երկու մարմինների երկրի տնտեսության համար կարևոր գործառույթները, անարդյունավետ է դրանք միավորել կամ տարանջատել զուտ սուբյեկտիվ քաղաքական նպատակներով:
Լուսանկարը՝ Armenpress-ի









































