Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ելույթը հավանաբար դեռ երկար կմնա հանրային ակտիվ շրջանակների ուշադրության կենտրոնում, թեև, խոշոր հաշվով, այդ ելույթում չի շոշափվել հասարակության և պետության համար օրակարգային և որևէ խնդիր: Բայց հենց դրանով էլ ելույթն արժանի է ուշադրության, քանի որ այդպիսով հանդիսանում է Հայաստանի իշխանության ախտորոշում: Փաստացի այդ իշխանության համար ներկայումս որևէ այլ խնդիր չկա, քան 2017 թվականի վերարտադրության կազմակերպումը, ինչի վկայությունն այն է, որ Սարգսյանը ելույթն ավարտում է հենց այդ առաջադրանքը հնչեցնելով:
Սովորաբար, հռետորաբանության, հրապարակային ելույթների, այսպես ասած, չգրված կանոնների համաձայն, վերջում են պահում «ամենահամեղ», այսպես ասած՝ հիմնական, առանցքային մեսիջը, քանի որ ունկնդիրը հիշողության մեջ առաջին հերթին արձանագրում է հենց դա, դա այն հատվածն է, որին վերադարձի անհրաժեշտություն սովորաբար չի էլ լինում: Հազիվ թե Սերժ Սարգսյանի սփիչռայթերները չտիրապետեն այդ նրբություններին, հետևաբար նրանց խնդիրը հենց այն մեսիջն արձանագրելն ու ընդգծելն է, որը ազդարարվում է վերջում:
Եվ այդպես, Սերժ Սարգսյանը հռչակել է, որ ամեն ինչ պետք է ներդրվի ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, Հայաստանի իշխանությունը այլ խնդիր չի տեսնում: Եվ սա մի իրավիճակում, երբ Հայաստանի շուրջ իրադարձություններն ուղղակի փոթորկվում են, ու դա պահանջում է բոլորովին այլ օրակարգ, և բոլորովին այլ առաջադրանք իշխանությանը: Օրինակ՝ առաջադրանք տնտեսական որևէ ռեֆորմի ուղղությամբ, տնտեսությունն աշխուժացնելու որևէ քայլի ուղղությամբ: Ընդհանրապես, համարժեքությունը պահանջում էր, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի որևէ ելույթի առանցքում լինի երկու խնդիր՝ իրավականության և տնտեսական քաղաքականության վերաբերյալ կոնկրետ հարցերը, որոնք անպայմանորեն պետք է ներառեն կոռուպցիայի դեմ պայքարը:
Իհարկե, այս մասով հայտարարություն Սերժ Սարգսյանն արել էր նույն օրը՝ մի քանի ժամ առաջ ելույթ ունենալով ԱԱԾ-ում և ներկայացնելով այդ կառույցի նոր պետին, որի կապակցությամբ հայտնեց կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ քայլերի իր ակնկալիքը: Սակայն մի քանի ժամ անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հեղափոխություն չի պատրաստվում անել: Սա նշանակում է, որ նա չի պատրաստվում կոռուպցիայի դեմ պայքարի: Որովհետև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դա հեղափոխություն է:
Հեղափոխություն ասվածը ամենևին չի նշանակում թռչող գլուխներ, քանդվող պատեր ու կոտրվող ապակիներ, բարիկադներ ու այրվող դրոշներ: Հեղափոխությունը ընդհանրապես որևէ տրամաբանության էական, շոշափելի, բեկումնային փոփոխությունն է:
Եվ եթե կոռումպացված իշխանությունը, կոռուպցիայի առանցքով գոյատևող իշխանական համակարգը ձեռնամուխ է լինում կոռուպցիայի դեմ պայքարի, ապա դա ինքնին ենթադրում է արդեն հեղափոխություն: Եթե հեղափոխություն չի լինելու, ուրեմն դա նշանակում է, որ չի լինելու կոռուպցիայի դեմ պայքար: Եթե չի լինելու կոռուպցիայի դեմ պայքար, ուրեմն չի լինելու տնտեսական քաղաքականություն և իրավականություն: Եթե Հայաստանում չի լինելու իրավականություն ու տնտեսական քաղաքականություն, ապա չի լինելու բարեփոխում, քանի որ համակարգային բարեփոխումները արժեն շատ կոնկրետ տնտեսական գին: Դա անխուսափելի է:
Հետևաբար՝ այդ բարեփոխումների իրականացումը պետության և հասարակության համար աղետի չվերածվելու համար պետք է ուղեկցվեն տնտեսական այլընտրանքների կազմավորումով: Հակառակ դեպքում որևէ ուղղակի կամ անուղղակի բարեփոխում կարող է բերել լուրջ սոցիալական ցնցման կամ ինչպես ասում են՝ շոկային թերապիայի: Հայաստանը մի անգամ արդեն տարել է շոկային թերապիա, երկրորդին այն չի դիմանա հաստատ: Հետևաբար այդ բարեփոխումը կվերածվի արդեն պետության վերջնական աղետի: Եթե հայտարարվում է, որ հեղափոխություն չի լինելու, ապա կամ հայտարարվում է կործանարար բարեփոխման մասին, կամ բարեփոխման մասին արվում են կեղծ հայտարարություններ: Երկու դեպքում էլ իրավիճակը խիստ բացասական է:
Ու քանի որ Սերժ Սարգսյանը ավելի ուշ է հայտարարում, որ հեղափոխություն չի լինելու, քան ԱԱԾ-ում նոր պետի նշանակումով հույս էր հայտնել, որ կլինի կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքար, ապա հիմք կա եզրակացնելու, որ Սերժ Սարգսյանը ավելի ուշ արված իր այդ հայտարարությամբ, ըստ էության, հանգստացրել էր իշխանական համակարգին, որը կարող էր տագնապած լինել ԱԱԾ-ում արված հայտարարությամբ: Իսկ ավելի շուտ, Սերժ Սարգսյանն այդ երկու ելույթներով, ըստ էության, կազմեց այսպես ասած պատճառահետևանքային մի հաղորդագրություն՝ ուղղված համակարգին: Նախ՝ ԱԱԾ-ում հայտարարվեց, որ նոր պետից ակնկալվում է կոռուպցիայի դեմ ավելի ակտիվ պայքար, իսկ հետո իշխանական համակարգի առաջ առաջիկա գլխավոր անելիքին զուգահեռ, փաստորեն, հայտարարվեց, թե որ դեպքում կլինի այդ պայքարը:
Ըստ այդմ՝ բոլորը պետք է աշխատեն ընտրությունները այնպես անցկացնելու համար, որպեսզի Սերժ Սարգսյանը լիարժեք կատարի միջազգային կառույցների առաջ դրանց ստանձնած հանձնառությունները, իսկ ով ակտիվ չաշխատի՝ ըստ պատճառահետևանքային տրամաբանության, նրա հանդեպ ակտիվորեն կկիրառվի կոռուպցիայի դեմ պայքարը:








































