Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում «Ադրբեջանի համար ազատության աջակցման ակտ» օրինագծի հայտնվելը հանդիսանում է Բաքվի ռեպրեսիվ քաղաքականության արդյունք։ Այդ մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ից վերադարձած Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) ղեկավար Ջամիլ Հասանլին։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն ավելի մեծ է, քան Ռուսաստանում ու Բելառուսում միասին վերցրած. «Երկրում ճնշված է քաղաքացիական հասարակությունը, բանտարկվել են քաղաքական առաջնորդներ, երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստներ, լրագրողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հավատացյալներ։ Նրանցից մեծ մասին կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։
Միջազգային հանրությունը քանիցս կոչ է արել, խնդրել է ազատ արձակել քաղբանտարկյալներին, սակայն այդ հարցում առաջընթաց չի եղել։ Արդյունքում՝ ԱՄՆ Հելսնիկյան հանձնաժողովը մշակեց «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ»-ը, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտողների դեմ։
Օրինագծի ընդունումը կանխելու համար անհրաժեշտ են շուտափույթ միջոցներ, որոնք չկան»։






































