Ազգային ժողովում երկրի թիվ մեկ ֆինանսական օրենքի՝ 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները տարեցտարի գնալով անհետաքրքիր են դառնում: Այդ քննարկումները հավասարապես չեն կարևորվում ինչպես գործադիր մարմնի, գերատեսչությունների ղեկավարների, այդպես էլ պատգամավորների կողմից: Գերատեսչությունները բյուջետային քննարկումներին սկսել են ներկայանալ ոչ թե առաջին դեմքերի, այլ տեղակալների, աշխատակազմի ղեկավարների մակարդակով: Անգամ մարզպետներից ոմանք իրենց տեղակալներին են ուղարկում խորհրդարան, ուր մնաց անձամբ գան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անգամ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ու այլոք:
Նույն վերաբերմունքն է դրսևորվում նաև գարնանը՝ արդեն բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Այդ քննարկումներին ներկայացվում են միայն ֆինանսական ցուցանիշներ և գրեթե անդրադարձ չի լինում որակական կողմին, թե հատկացված գումարը ծախսելուց հետո ինչ արդյունք են խոստանում կամ արդեն ծախսելուց հետո ներկայացնեն, թե ինչ արդյունք են ստացել: Բայց չէ՞ որ բյուջեն ֆինանսական փաստաթուղթ լինելուց զատ նաև քաղաքական փաստաթուղթ է:
Վերը նշված գերատեսչությունների նման բյուջեի նկատմամբ նույն վերաբերմունքն ունեն նաև պատգամավորները: Յուրաքանչյուր մարմնին հատկացված բյուջեի քննարկմանը ներկա են լինում կամ հարցեր են տալիս ընդամենը մի քանի պատգամավորներ: Խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներից մեկ-երկուսը ամեն անգամ խիստ ձևական կերպով են նստում քննարկումների սրահում: Իսկ ընդդիմադիր կամ ինչպես իրենք են իրենց կոչում՝ ոչ իշխանական պատգամավորներն էլ հազվադեպ են հայտնվում դահլիճում: «Բարգավաճ Հայաստան» ու «Դաշնակցություն» խմբակցություններն այդ առումով խորը ընդհատակ են անցել: ՀԱԿ-ի պատգամավորները երբեմն հայտնվում են և մեկ կամ երկու հարց են ուղղում: «Օրինաց երկրից» էլ միայն Հովհաննես Մարգարյանն է մեկումեջ երևում: Մինչդեռ վերջին տարիների ու հատկապես 2016թ. բյուջեն ընդդիմադիրների համար իշխանություններին քննադատելու, իշխանությունների անգործությունը կամ հանցավոր գործունեությունը ցուցադրելու լավագույն առիթն է:
Այս հարցերի շուրջ էլ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:
– Պարոն Ջհանգիրյան, Դուք բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիտողություն արեցիք, թե եթե գերատեսչությունների ղեկավարներն իրենց ենթականներին են խորհրդարան ուղարկում, միգուցե դուք՝ պատգամավորներն էլ իրենց օգնականներին ուղարկեն: Ինչո՞ւ է երկրի թիվ մեկ ֆինանսական օրենքի քննարկման նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք ձևավորվել:
– Դա շատ վատ է, որովհետև այս դեպքում գերատեսչությունները կարևորում են փողի ծավալը, թե որքան ֆինանսավորում են ստանում: Եվ իրենք կարծում են, թե որակական ցուցանիշների, որակական չափանիշների արձանագրումը կարևոր չէ: Դրա համար էլ հիմնականում գալիս են ֆինանսիստները կամ աշխատակազմերի ղեկավարները, ովքեր առնչվում են ֆինանսների նախարարության կամ բանկերի հետ:
– Բայց չէ՞ որ երկրի բյուջեն որքան էլ ֆինանսական փաստաթուղթ լինի, նաև քաղաքական փաստաթուղթ է, օրենք է:
– Իհարկե: Եվ ժամանակն է, որ մենք փոխենք այս վերաբերմունքը, որ խորհրդարան տեղակալների, աշխատակազմերի ղեկավարների փոխարեն գերատեսչությունների ղեկավարները գան ու ասեն, թե ձեր տված այսքան գումարի դիմաց մենք ինչ ենք պլանավորում և ինչ աշխատանքներ ենք ծրագրում, որպեսզի հասնենք արդյունքների:
– Իսկ դա չի՞ նշանակում, որ նախարարները կամ այլ գերատեսչությունների ղեկավարները խորհրդարան իրենց ենթականերին ուղարկելով՝ ցանկանում են պատասխանատվությունից կամ նման հարցերից խուսափել:
– Չգիտեմ: Ես չեմ ցանկանում նման կտրուկ ձևակերպումներ տալ, բայց քանի որ նոր մոտեցում կա՝ բյուջեի կատարողականի ժամանակ ենք այդ ցուցանիշները պահանջում, հիմա գուցե թե իրենք փորձեն վերակառուցել իրենց դիրքորոշումը: Այսինքն՝ ներկայանան անձամբ ղեկավարներն ու մանրամասն ներկայացնեն այն ցուցանիշները, ինչին փորձում են հասնել:
– Միգուցե իսկապես ճի՞շտ կլինի, որ պատգամավորներն էլ իրենց փոխարեն օգնականներին ուղարկեն քննարկմաը, որպեսզի գործադիրի գերատեսչությունների ղեկավարները համարժեք վերաբերմունքը հասկանան: Չէ՞ որ միշտ ակնկալիք կա, որ գերատեսչությունները բյուջետային քննարկումներին առաջին դեմքով կներկայանան:
– Այդ դեպքում ետ գանք իրական խնդրին՝ ԱԺ-ն Սահմանադրությամբ և կանոնակարգ օրենքով նախատեսված լիազորություններն ամբողջ ծավալով չի իրականացնում: Եթե ԱԺ-ն իր լիազորություններն անկաշկանդ, գործադիր իշխանությանը մի կողմ դրած, կարողանար իրականացնել, բյուջեի նախագծի, կատարողականի քննարկումները պիտի իրադարձություններ դառնային: Տեսեք՝ պատգամավորները դժգոհում են, որ իրենք ամենաթերի ֆինանսավորվող մարմինն են, դրա համար էլ այսպես է: Եթե ԱԺ-ն ինքնուրույն իրականացնի իր լիազորությունները, այստեղ կլինեն նաև ղեկավարները:
– Ի՞նչն է պատճառը, որ ԱԺ-ն իր լիազորություններն ամբողջությամբ չի իրականացնում: Թերի ֆինանսավորո՞ւմն է պատճառը:
– Ես քանի անգամ եմ ասել, թե քանի որ մի քաղաքական ուժ է իշխում և՛ նախագահի նստավայրում, և՛ կառավարությունում, և՛ Ազգային ժողովում, իրենք այս խնդիրները լուծում են իրենց ներսում՝ այդ կուսակցության խորհրդակցություններում, ժողովներում: Բյուջեն այնտեղ է որոշվում, բյուջեն այստեղ չի որոշվում: Այստեղ նախագծի կամ կատարողականի արտաքին ձևավորումն է տրվում: Դրա համար էլ ԱԺ առաջարկություններին, հատկապես ոչ իշխանական պատգամավորների առաջարկություններին ոչ մեկը լուրջ չի վերաբերվում:
– Գոնե ընդդիմադիր պատգամավորները մասնակցեն քննարկումներին ու քննադատություններով հանդես գան, որպեսզի գերատեսչությունների ղեկավարներն այդ քննարկումները մի փոքր լուրջ ընդունեն ու իրենք ներկայանան:
– Թող գան ու քննադատեն: Ես աշխատում եմ ինձ հետաքրքրող շրջանակներից դուրս չգալ: Ես տնտեսագետ չեմ, ֆինանսիստ չեմ: Ես բարձրացրեցի հարցը, թե պետք է ցուցանիշ ներկայացնել:
– Իսկ միգուցե սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակա՞րգը լուծի այդ հարցը:
– Չի լուծի, դա նույն կուսակցությունն է լինելու, որևէ տարբերություն չի լինելու, ավելի վատ: Հիմա մի քաղաքական ուժը երեք մարմին է ղեկավարում, այդ համակարգում երկու մարմին է ղեկավարելու: Որոշումները նորից կայացվելու են այդ քաղաքական ուժի խոհանոցում:
Լուսանկարը` Ժողովուրդ-ի










































