Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան զբաղեցնում են առաջին հորիզոնականները երեխաների բարեկեցության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող զարգացած երկրների ցուցակում: Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտական կենտրոնի զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ երեխաները վատ են ապրում Հունաստանում, Իտալիայում, Լատվիայում, Լիտվայում և Ռումինիայում:
Զեկույցը, որում առկա են տվյալներ զարգացած արդյունաբերություն ունեցող 29 երկրներում բնակվող երեխաների և դեռահասների բարեկեցության ու կյանքի վերաբերյալ, ներկայացվել է Ֆլորենցիայում: Նշվում է, որ փորձագետները հիմնվել են երեխաների զարգացումը և կենսամակարդակը սահմանող հինգ հիմնական ցուցանիշների վրա՝ նյութական բարեկեցություն, առողջություն և անվտանգություն, ռիսկային պահվածք, բնակարանային պայմաններ, էկոլոգիա:
Զեկույցի հեղինակները եկել են այն եզրահանգման, որ չնայած հավասար հնարավորություններին, «մանկական հարցում» հարուստ պետություններից մի մասին հաջողվում է հասնել ավելի լավ ցուցանիշների, քան մյուսներին: Փորձագետները եկել են նաև այն եզրահանգմանը, որ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակի և երեխաների ընդհանուր բարեկեցության միջև սերտ կապ չկա:











































