Կողոպուտի հատկանիշներով հարուցված գործով պաշտպան Ինեսսա Պետրոսյանը երկու անգամ միջնորդել է դատարանին՝ խնդրելով կարճաժամկետ մեկնում տրամադրել իր պաշտպանյալ Խաչիկ Հակոբյանին՝ հոգեվարքի մեջ գտնվող, մահամերձ վիճակում գտնվող մորն այցելելու համար և մերժվել է:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպանը հայտնել է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, միջնորդությունները մերժել է այն պարագայում, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ կալանավորված անձանց՝ բացառապես առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, թույլատրվում է մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության դեպքում տրամադրել կարճաժամկետ մեկնումներ մինչև 7 օր տևողությամբ՝ չհաշված մեկնումի ու վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: «Մեր պետության խնդիրն այն է, որ ունենք գրված օրենքներ, որոնք չեն գործում»,- նկատել է փաստաբանը՝ ընդգծելով, որ դատարանին ներկայացվել է ամբաստանյալի մոր առողջական ծանր վիճակի մասին փաստող տեղեկանք:
Պաշտպանական կողմն այսօր նորից դիմելու է դատարանին՝ խնդրելով թույլ տալ ամբաստանյալին մասնակցել իր մոր հուղարկավորությանը՝ մահամերձ կինը մահացել է ապրիլի 6-ի երեկոյան՝ ակնկալելով, որ դատարանն այս անգամ կբավարարի միջնորդությունը՝ հակառակ դեպքում դա հավասարազոր կլինի խոշտանգման: «Հայ անձնավորությունը կորցրել է իր ծնողին, անհիմն մեղադրանքի շրջանակներում նրան պահում են մեկուսարանում, արգելում են, որպեսզի նա գնա մասնակցի հրաժեշտի արարողությանը այն դեպքում, որ օրենքը նման դեպքերում հստակ թույլ է տալիս մեկուսարանից կարճատև մեկնում»,- ասել է Ի.Պետրոսյանը:











































