Հարցին՝ ի՞նչ ես անում այսօր երեկոյան, գերմանական բուհի ուսանողից կարելի է լսել հետևյալ պատասխանը. «Գնում եմ համալսարան՝ էսսե գրելու»: Պատճառն, այսպես կոչված, «Հետաձգված տնային հանձնարարությունների երկար գիշերն է» (Lange Nacht der aufgeschobenen Hausarbeiten), որը կազմակերպում են ԳԴՀ-ի շատ համալսարաններում:
Երեկոյան երիտասարդները հավաքվում են գրադարանում: Ամբողջ գիշեր ուսանողները գրում են կուրսային, դիպլոմային աշխատանքներ, որոնք հետաձգվել էին մինչև վերջին պահը, մանավանդ որ՝ դասախոսները պատրաստ են օգնել՝ գրում է «Ռոսբալտ»-ը:
Ընդմիջումներին զբաղվում են յոգայով, զրուցում վիտամին-բարում և անցկացնում անգամ մերսման սեանսներ: «Շնորհակալություն արդյունավետ գիշերվա համար»,- գրում են ուսանողները սոցցանցերում: «Մնաց դիմանաք 2 ժամ»,- պատասխանում են կազմակերպիչները:
Ուսանողներին գիշերը համախմբելու գաղափարը ծագեց 3 տարի առաջ՝ Վիադրինի եվրոպական համալսարանում (Europa-Universität Viadrina):
Կազմակերպիչն է բուհին առընթեր ակադեմիական նամակի կենտրոնը (Schreibzentrum)՝ կառույց, որը անվճար աջակցություն է տրամադրում գիտական տեքստեր գրող ուսանողներին:
Նախագիծն ակնկալվածից ավելի քան հաջող է եղել: Արդեն 1 տարի անց նախագծին է միացել 7 բուհ, իսկ այսօր մասնակցող բուհերի թիվը հասնում է տասնյակների:
Բացի գերմանական բուհերից՝ նախագծին մասնակցում են Ավստրիայի, ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի, Իսլանդիայի և Կանադայի բուհերը:









































