Անկարան չի ընդունում բնական պաշարների հաշվին սեփական խնդիրները միակողմանիորեն լուծելու Կիպրոսի իշխանությունների մտադրությունը: Այդ բնական պաշարները, Թուրքիայի կարծիքով, պատկանում են նաև կղզու թուրքական համայնքին: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ ավելի վաղ թուրքական կողմը կիպրացի գործընկերներին կոչ է արել քննարկել կղզու բնական պաշարների համատեղ օգտագործման հարցն ու համագործակցել այդ հարցում, սակայն պատասխան չի ստացել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական կողմը սպասում է ընդհանուր բարեկեցության և անվտանգության կոնցեպցիայի հիման վրա անհապաղ բանակցությունների մեկնարկի: «Պետք է միասին որոշում ընդունենք այն մասին, թե ինչպիսի ապագա են ցանկանում կղզու երկու ժողովուրդները: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է Կիպրոսի հետ բանակցությունների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
2012-ի աշնանը Կիպրոսի իշխանությունները հաղորդել են, որ կիպրական շելֆում գազի պաշարները կարող են կազմել 1.7 տրիլիոն խորանարդ մետր (գնահատվում են 2 տրիլիոն եվրո):








































