Շաբաթ օրը Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կվերսկսեն Եվրամիության մյուս անդամներին համոզելու փորձերը Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոն հանելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
Ինչպես ակնկալվում է, այս թեման գերիշխելու է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենում Իռլանդիայում:
Փարիզը և Լոնդոնը կարծում են, որ Ռուսաստանը և Իրանը զինում են Սիրիայի կառավարական զորքերին, և ընդդիմությանը զինելը միակ միջոցն է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի վրա ճնշումն ուժեղացնելու համար:
Եվրոպական մի քանի երկրներ համաձայնել են Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշմանը, սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ էմբարգոն չեղյալ հայտարարելու երկու երկրների ցանկությունը չի նշանակում, որ մյուսները պետք է հետևեն նրանց:
Սիրիա զենքի մատակարարման էմբարգոյի ժամկետն ավարտվում է 2013թ. մայիսին:









































